Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցիները դժգոհում են թափառող կենդանիների շատ լինելուց, միաժամանակ դեմ են նաեւ սպանելու եղանակով ոչնչացմանը

Մարտ 02,2018 17:36

Վերջին շրջանում գրեթե ցանկացած քայլափոխի Վանաձորում կարելի է հանդիպել թափառող կենդանիների: Քաղաքի տարբեր թաղամասերում՝ սկսած Հայքի հրապարակից մինչեւ ծայրամասային թաղամասեր խմբերով շրջող շներ են:

Բնակիչները դժգոհում են, ասելով, որ կենդանիները ոչ միայն ցերեկներն են անհանգստացնում, այլ նաեւ գիշերային ժամերին. «Ամբողջ օրը հաչում են: Մեր տների մոտ փոքր կամուրջ կա, կողքն էլ աղբարկղ, ամբողջ օրը էդ աղբարկղի տարածքը լցված է շներով: Վախում ես, որ անցնես, հատկապես, եթե երեխայի հետ ես: Էլ չասեմ, թե գիշերներն ինչ ձայներ են հանում, ոնց որ գայլերի ոհմակ լինի ոռնալիս»,- մեզ հետ զրույցում ասաց Չուխաջյան թաղամասի բնակիչ Անգին տատը:

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բարեկարգման եւ շրջակա միջավայրի պահպանման բաժնի առաջատար մասնագետ Միշա Ազարյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանում խնդրի մասին տեղյակ են. «Բնակչության կողմից ունենք բազմաթիվ դժգոհություններ: Մենք ինքներս էլ ականատես ենք լինում իրավիճակին: Քաղաքի բոլոր թաղամասերում կան թափառող կենդանիների մեծ ոհմակ, անգամ հրապարակում՝ մարզպետարանի դիմացը: Բնակիչների կողմից ունենք բազմաթիվ գրավոր եւ բանավոր ահազանգեր»:

Վանաձորում շների վնասազերծումը կատարվում է սպանելու եղանակով: Բաժնի տվյալներով 2017 թվականին վնասազերծվել է 2.300 թափառող կենդանի: Այս տարի շների վնասազերծման համար բյուջեից հատկացվել է մոտ 4 միլիոն դրամ։ Մեկ շան համար նախատեսվում է 2.000 դրամ:

Վանաձորում կենդանիների վնասազերծման աշխատանքներ իրականացնելու մրցույթը կայացել է նախորդ ամիս: Այն շահել է «Լուս ալ» ընկերությունը:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասում, որ թեեւ բնակիչները դժգոհում են, թե յուրաքանչյուր պահի կարող ես հանդիպել թափառող կենդանիների, միաժամանակ նաեւ դեմ են սպանելու միջոցով կենդանիների ոչնչացմանը: Ինչն էլ խնդիրներ է առաջացնում. «Մենք էլ ենք գտնում, որ դա ամենաճիշտ մեթոդը չէ թափառող կենդանիների դեմ պայքարելու, եւ ավելի քաղաքակիրթ մեթոդներ կան: Բայց մենք բնականաբար հաշվի առնելով մեր բյուջեի միջոցներն այս եղանակով ենք առաջնորդվում: Ցերեկը տեսնում ենք այդ շներին, բայց երեկոյան ժամերին նրանց գտնելը դժվար է, որովհետեւ թաքստոցներում են, դրա համար էլ մեր աշխատանքները դժվարանում են: Նաեւ մեր ունեցած տեխնիկական միջոցներով մեծ մասշտաբի արագ էֆեկտ չենք կարող ստանալ: Հիմա միջոցներ ենք փնտրում, որպեսզի կարողանանք այդ ամենը ցիվիլ տարբերակով կատարենք: Թաղամասերից մեկում խնդիրներ էր առաջացել, բնակիչներից մեկն էլ վրդովմունք էր արտահայտել, որ երեխան շատ ծանր է տանում, երբ որ կենդանիների վրա կրակում են, ասել էր կրակեք: Քաղաքացիներն էլ միշտ չէ, որ միանշանակ են արձագանքում»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031