«Միքայելյան, բարով ես եկել, պարոն Ենիգոմշյան, ո՞նց եք, լա՞վ եք, չհոգնեցի՞ք այս կյանքից»,-Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստի սկզբում ներս մտնելով դատական նիստերի դահլիճ, դիմելով Ալեք Ենիգոմշյանին՝ այսպիսի հարց տվեց Մարտական խաչի առաջին աստիճանի ասպետ, Շուշիի Առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և մյուսները կրկին ոտքի չկանգնեցին նախագահող դատավորի՝ դատական նիստերի դահլիճ մուտք գործելիս: Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ դատարանը կրկին նախազգուշացման կերպով դատական սանկցիա է կիրառում, և անհարգալից վերաբերմունքի դեպքում նրանք կարող են հեռացվել դատական նիստերի դահլիճից:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ պաշտպանական ճառով: Նա ի սկզբանե հայտարարեց, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Այնուհետև տեղեկացրեց, որ ճառը վերնագրված է «Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի ապօրինի հետապնդումները»:
Ընդհանուր գնահատական տալով դատավարությանը՝ Արայիկ Պապիկյանը հայտարարեց. «Իրավական լեզվով այն դատավարություն էր, որի ընթացքում երբեմն կիրառվել է օրենք: Բայց դատավարությունն ու օրենքը գործի ընթացակարգային և ֆորմալ բաղադրիչներն էին կազմում, սակայն դատարանը չիրականացրեց արդարադատություն: Այսինքն՝ ընթացքը զուրկ էր իրավաբանական բովանադակությունից»:
Որպես իր պնդման հիմնավորում՝ պարոն Պապիկյանը մի քանի փաստերի հղում կատարեց. «Սեֆիլյանին հետապնդելու համար՝ ԱԱԾ-ի ընտրած 35-300.1 հոդվածից ակնհայտ էր, որ ի սկզբանե մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ: Ընդդիմադիր գործչին մեկուսացնելու կամ չեզոքացնելու գայթակղությունն այնքան մեծ է լինում, որ դատարանն անտեսում է օպերատիվ հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքը, դրա բազմաթիվ խախտումներով կայացնում է որոշումներ և արտոնում ԱԱԾ-ին շարունակաբար ապօրինաբար հետապնդել Սեֆիլյանին: Դատարանը ԱԱԾ-ին կարող էր արտոնել Սեֆիլյանին հետապնդել բացառապես պատրաստված նյութերով այն դեպքում, երբ օրենքը սահմանում էր հարուցել քրեական գործ կամ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդություն: Այս պայմաններից ոչ մեկն առկա չի եղել: Հետևաբար և′ դատարանը, և′ ԱԱԾ-ն գործել են օրենքից դուրս կամայական և քաղաքական հետապնդման ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին»:
Պարոն Պապիկյանը հայտնեց՝ հասկանալի է, որ ՀՀ-ում որևէ դատավոր չէր համարձակվի ԱԱԾ-ին մերժել օրենքից դուրս որևէ պահանջ կատարել, առավել ևս, եթե դա վերաբերում էր Սեֆիլյանի հետապնդմանը: Այս առումով պարոն Պապիկյանը հղում կատարեց 2015-ի հունիսի 29-ի որոշմանը:
Արայիկ Պապիկյանը ուշադրություն հրավիրեց հետևյալ հանգամանքի վրա. «Փաստացի սկսում են ընթանալ երկու զուգահեռ հետապնդումներ: Երբ փետրվարի 18-ից սկսում է երկու հետապնդում նույն արարքի համար, սակայն տարբեր հոդվածներով, ակնհայտ է դառնում՝ կա′մ Քննչական կոմիտեն, կա′մ ԱԱԾ-ն գործում են օրենքից դուրս կամ վեր է օրենքից: Իրականում երկու կառույցները Սեֆիլյանին հետապնդում էին քաղաքական շարժառիթներով, իսկ ԱԱԾ-ն հանդես էր գալիս ոչ թե ազգային անվտանգության, այլ իշխող համակարգի անվտանգության ծառայության շահերից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ