Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ
հանդիպում ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ
Կաժոյանի հետ:
«Երիտասարդ միջազգայնագետներ» ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը նվիրված էր Դիվանագետի օրվան և ՄԱԿ-ին Հայաստանի Հանրապետության
անդամակցության 26-րդ տարեդարձին: Հանդիպման վայրը նույնպես պատահական չէր
ընտրված. այն անցկացվեց ՄԱԿ-ի 4-րդ գլխավոր քարտուղար Բուտրոս
Բուտրոս-Ղալիի անունը կրող լսարանում:
Հանդիպման սկզբում ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը շնորհավորեց
ներկաներին մասնագիտական տոնի առթիվ և փաստեց, որ ՀՀ ԱԳՆ-ն վարում է շատ
հավասարակշռված, կառուցողական քաղաքականություն՝ ի նպաստ հայ ժողովրդի և
հայրենիքի:
Վահրամ Կաժոյանն ուսանողների հետ հանդիպման ընթացքում պատմեց, թե ինչպես իրականություն դարձավ Հայաստանի անկախությունը և ՄԱԿ-ին անդամագրվելու
գործընթացը. «Պատկերացրե՛ք, թե ինչ զգացողություններ են, երբ անդամակցում
ես պատմական այդ իրադարձություններին, քայլ առ քայլ հետևում թե՛ քո
երազանքի իրականացմանը, թե՛ Հայաստանի ապագայի կերտմանը»:
Ուսանողների հյուրը ներկայացրեց նաև իր անցած մասնագիտական ճանապարհը.
«Դիվանագիտական իմ առաջին աշխատանքը եղավ 1989 թ.-ին, երբ Հայաստան ժամանեց
ԱՄՆ սենատոր Բոբ Դոլի ղեկավարած պատվիրակությունը: Այդ այցի կազմակերպչական
բոլոր աշխատանքներում ես ներառված էի: ԱԳՆ-ում աշխատանքի անցնելու իմ
հրամանը եղել է 1992 թ.-ի մարտի 2-ին, դրա համար էլ այս օրն ինձ համար
կրկնակի տոն է: Արդեն 26 տարի է, ինչ աշխատում եմ այս համակարգում»:
Վահրամ Կաժոյանը հիշեց, թե ինչ դժվարություններով էր ընթանում ԱԳՆ-ի
աշխատանքը անկախության առաջին տարիներին. «Հոսանքի տատանումներից զերծ չէր
նաև մեր կառույցը: Աշխատասենյակներում ցուրտ էր, նստում էինք վերարկուներով
ու ձեռնոցներով: Ունեինք թե՛ համապատասխան կադրերի, թե՛ տեխնոլոգիաների
պակաս: Եղել է ժամանակ, երբ մեր նախարարությունում կար ընդամենը մեկ
համակարգիչ, բայց պետք է ասեմ, որ օգտվելու հմտություններ էլ շատերը
չունեին: Մեկ այլ մարտահրավեր էլ կար. երկար ժամանակ պետականություն
չունենալու պատճառով դիվանագիտական բազմաթիվ տերմինների հայերեն
համարժեքները չունեինք: Հենց այդ ժամանակահատվածում ենք շատ բառեր
թարգմանել»:
Վ. Կաժոյանը հետաքրքրաշարժ դեպքեր էլ հիշեց: Պատմություններից մեկը
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան
Տեր-Ստեփանյանի մասին էր. «Առաջին անգամ լինելով միջազգային
խորհրդաժողովում՝ լսում է ելույթի ֆրանսերեն թարգմանությունը, որում ասվում
էր, որ Հայաստանը գրավել է Լաչինը: Ֆրանսերենով թարգմանությունը հնչում էր
այնպես, որ կարելի էր հասկանալ, թե Հայաստանը գրավել է Չինաստանը: Քրիստիան
Տեր-Ստեփանյանը միանգամից ձայն է խնդրում և սկսում բացատրել, որ Հայաստանը
չի կարող գրավել Չինաստանը, մինչև հասկանում է, որ խոսքը Լաչինի մասին է»:
Խոսելով դիվանագետներին անհրաժեշտ հմտությունների մասին՝ հանդիպման հյուրն
ասաց, որ տքնաջան աշխատանքն է այս մասնագիտությանն իմաստ տալիս.
«Դիվանագետները պետք է շարժվեն այն գաղափարով, որ սա լավագույն
աշխատանքներից մեկն է, որի մասին կարելի է երազել: Սա ստեղծագործ աշխատանք
է, որը կատարում ես հայրենիքիդ համար: Սա նաև համամարդկային և մարդասիրական
աշխատանք է: Դիվանագետի աշխատանքի համար կարևոր բաղադրիչները շատ են, քանի
որ այն պահանջում է գիտելիք գրեթե ամեն ինչի, ամեն նյութի ու թեմայի
վերաբերյալ: Դիվանագետը պիտի կարողանա լող տալ ցանկացած ջրի մեջ»:
Հանդիպման ավարտին «Երիտասարդ միջազգայնագետներ» ակումբի անդամները
տեսապատկերի միջոցով ներկայացրին ՄԱԿ-ի գործունեությունը:
Երևանի պետական համալսարան