Լրահոս
Օրվա լրահոսը

Եկմալյանի բնակիչներ. «Եթե այստեղ «կատլավանը» փորվի` արյուն է թափվելու»

Մարտ 02,2018 16:27

Եկմալյան փողոցի բնակիչները, որոնք արդեն 12-13 տարի է անտուն են եւ ապրում են վարձով կամ հարազատների, ծանոթների տանը, այսօր իրենց նախկին տների տարածքում` բողոքի ցույց էին անում: 12 տարի առաջ ՀՀ կառավարության երաշխավորությամբ Եկմալյան 8, 12, 14 եւ եւս մի քանի տասնյակ հասցեների սեփականատերերի տներն իրացվել են` հանուն պետության կարիքների` պայմանով, որ նույն տարածքում կառուցվող բազմահարկ շենքում նրանց ապահովելու են բնակարաններով: Մինչ օրս այս ընտանիքները ոչ միայն տան տեր այդպես էլ չեն դարձել, այլ` բարոյական ու ֆինանսական վնասներ են կրում: Բնակիչներից ոմանք էլ չհաշտվելով անտուն մնալու մտքին` սրտի կաթվածից մահացել են:

Եկմալյանի բնակիչներին անտուն է թողել կառուցապատող Գագիկ Պապոյանը, որը սակայն խարդախության մեղադրանքով արդեն քանի տարի է դատապարտված է, սակայն դրանից եկմալյանցիների խնդիրն ամենեւին էլ չի լուծվել: Գագիկ Պապոյանը ոչ միայն ավարտին չի հասցրել շենքի շինարարությունն, այլեւ դեռեւս չկառուցված բնակարանները մի քանի հոգու վաճառել է. այսինքն` նույն բնակարանը կրկնակի, եռակի վաճառել է, այդ թվում եւ պաշտոնյաների: Որոնք էլ իրենց կապերով հետագայում այդ խնդիրները լուծել են եւ հենց իրենք էլ դարձել բնակարանների տերերը` դուրս թողնելով նախնական պայմանագրեր կնքած տարածքի տերերին:


Օրերս էլ իրացված գոտու բնակիչները տարածքում շարժ են նկատել: Պարզվում է տարածքի մի հատված արդեն սեփականատեր ունի:
Aravot.am-ի հետ զրույցում Եկմալյանի բնակիչ Անի Խուդավերդյանն ասաց, որ տարածքը ոմն Արմեն Բաղդասարյան է գնել եւ պատրաստվում է շենք կառուցել: Բնակիչները դեմ են  սակայն այդ շինարարությանը` քանի դեռ իրենց բնակարանի խնդիրը կառավարությունը չի լուծել:

«Կա’մ պետք է այս կառուցապատողը ողջ` 4000 քմ գնի եւ մեզ փոխհատուցի կա’մ այստեղ «կատլավանը » փորելու դեպքում արյուն է թափվելու»,-ասաց տիկին Խուդավերդյանը:

Բնակիչներից մեկի խոսքով էլ, կառավարությունը տարածքում կառուցապատում անելու ցանկություն ունեցող ներդրողների առաջ այնպիսի պայմաններ է դնում, որ նրանք հրաժարվում են իրենց մտադրությունից: Բնակիչները պահանջում են, որպեսզի 12 տարի իրենց անտուն թողած կառավարությունն այնպիսի պայմաններ առաջարկի, որ կառուցապատող հայտնվի: Սակայն բնակիչներն այս անգամ ոչ թե բնակարանի են սպասելու, այլ` գումարային փոխհատուցում են պահանջելու:


Արշակ Ղազարյանն այսօր վարձով է բնակվում, նրա խոսքով վարկ են վերցնում, որպեսզի կարողանան տան վարձը տալ, սակայն շուտով այդ հնարավորությունն էլ չեն ունենալու. «Մեզ մեր տներից զրկել են պետության կարիքների համար, սակայն այսօր պետությունը մատը մատին չի տալիս մեր խնդիրը լուծելու համար: Կառավարությունն է մեզ նամակով դիմել, որ մենք համաձայնել ենք մեր տունն իրացնեն, չէ՞ որ կառավարությանը վստահելով ենք այդ քայլին գնացել: Այս տարիներին քանի վարչապետ է փոխվել, բոլորն իրենց տներում ու պալատներում տաք-տաք նստած են եւ ոչ ոք չի մտածում որ մենք փողոցներում ենք»:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031