Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում խոսեց Ռուսաստանի նոր սպառազինությունների մասին՝ հայտարարելով, որ իրենք նոր միջուկային զենք են ստեղծել, որի նմանը աշխարհում դեռ չկա: BBC-ն ամփոփել է՝ ինչպիսին էր արևմտյան մամուլի արձագանքը Պուտինի այդ հայտարարությանը:
Պուտինը և «սպառազինությունների նոր մրցավազքը»
Ռուսական նորագույն զենքի շնորհանդեսը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդում ուղերձի ժամանակ սարսափ է ներշնչում՝ կապված Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սպառազինությունների նոր մրցավազք սկսելու հնարավորության հետ, գրում է Financial Times-ը:
Պուտինի ուղերձի համար ընտրված ժամանակը (շուտով նա, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի 6-րդ ժամկետով) ցույց է տալիս, որ նա տրամադրված է շարունակել առճակատումն Արևմուտքի հետ, գրում է թերթը:
Բրիտանական Royal United Services Institute կենտրոնի վերլուծաբան Մալքոլմ Չալմերսը սկեպտիկորեն է վերաբերում այն հայտարարությանը, որ Ռուսաստանին հաջողվել է ստեղծել միջուկային շարժիչով միջմայրցամաքային հրթիռ:
«Դա շատ հստակ ազդանշան է առ այն, որ Ռուսաստանը կփորձի պահպանել ԱՄՆ-ի հետ միջուկային հավասարակշռությունը: Պուտինի հայտնիության գաղտնիքը մասամբ նրանում է, որ նա վերականգնել է Ռուսաստանի՝ որպես հզոր տերության կարգավիճակը, և նրա միջուկային զինանոցը դրա ամենածանրակշիռ ապացույցն է»,- ասում է վերլուծաբանը:
Անցյալ ամիս ԱՄՆ-ը ներկայացրեց միջուկային սպառազինության նոր ռազմավարություն, որը ներառում է մարտավարական միջուկային զենքի օգտագործում և Պենտագոնի միջուկային զինանոցի արդիականացման ծախսերի ավելացում, գրում է հոդվածի հեղինակը:
Թերթը մեջբերում է ռուս սենատոր Ալեքսանդր Պուշկովի խոսքերն այն մասին, որ զենքի ցուցադրությունն Արևմուտքը չպետք է ընկալի որպես սպառնալիք, այլ ընդհակառակը, պետք է նրան մղի բանակցություններ սկսել Մոսկվայի հետ:
Մինչդեռ Հանուն միջուկային զենքի չեզոքացման միջազգային արշավի տնօրեն Բեատրիս Ֆինն ասում է, որ Ռուսաստանի կողմից նոր զենքի ստեղծումը «հստակ կերպով ակնարկում է, որ մենք գտնվում ենք սպառազինությունների մրցավազքի փուլում, որը հղի է նոր սառը պատերազմի մեկնարկի հետևանքներով»:
«Հին հրթիռներ, նոր սպառնալիքներ»
«Էռնստ Բլոֆելդի (Ջեյմս Բոնդի մասին գրքի չարիքը) նման, բայց առավել մեծ լսարանով, նախագահ Պուտինն աշխարհին զգուշացրեց, որ կարող է կործանել այն, եթե իրեն մղեն դրան: Ինչ-որ իմաստով Ստալինի ժամանակներից սկսած այդպես են արել Ռուսաստանի բոլոր առաջնորդները»,- «Նոր հրթիռներ, հին սպառնալիքներ» վերտառությամբ իր խմբագրականն այսպես է սկսում Times-ը:
«Հարկ չկա կասկածել, որ Ռուսաստանն իսկապես ստեղծել է զենք, որն ի վիճակի է շրջանցել ամերիկյան ՀՕՊ համակարգերը: Առավել քիչ են կասկածները, որ սառը պատերազմի նախկին ախոյանները կրկին կսկսեն սպառազինությունների մրցավազք, որտեղ էսկալացիայի սպառնալիքն արագ կգերազանցի փոխադարձ զսպման դրական էֆեկտը»,- գրում է թերթն իր խմբագրականում:
Հոդվածի հեղինակները հիշեցնում են՝ ինչպես են արձագանքել Պուտինի ելույթին Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը և Պենտագոնը: Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը Պուտինը ելույթն անվանել է սպառնալից:
«Ռուսաստանը բռնել է սրացման և սադրանքի ուղին: Դա այն ուղին չէ, որին մենք ուզում ենք հետևել: Դա այն հարաբերությունները չեն Ռուսաստանի հետ, որոնք մենք ուզում ենք: Մենք հույս ունենք, որ դրանք ուրիշ ուղղությամբ կընթանան: Մենք բախվել ենք մեր կենսակերպի նկատմամբ ահագնացող սպառնալիքի»,- ասել է Բրիտանիայի պաշտպանության նախարարը:
«Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատներին ուղղված ուղերձը երգիծական կլիներ, եթե թեման այդքան լուրջ չլիներ: Հոլովակներից մեկում բջջային հարթակից հրթիռի մեկնարկը մոնտաժված է գրաֆիկայով, որում նոր մարտագլխիկը, թվում է, մոտենում է Ֆլորիդայում Թրամփի առանձնատանը»,- գրում է Times-ը:
«Ինչպես միշտ, Պուտինի ուղերձն ուղղված էր առավելապես ռուսական ներքին լսարանին: Այս ամիս Ռուսաստանում կանցկացվեն ընտրություններ, որոնցում Պուտինը, ամենայն հավանականությամբ, կհաղթի, բայց որոնք նա, այնուամենայնիվ, փորձում է օգտագործել՝ ցույց տալու համար, որ ժողովուրդն աջակցում է ևս 6 տարվա պուտինիզմի հեռանկարին»,- գրում է թերթը:
Հեղինակները նկատում են, որ միջուկային սպառազինության աճի թեման ձևակերպվել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին մի շարք ելույթներում:
Սակայն սառը պատերազմի դասական ձևին ԱՄՆ-ը և Ռուսաստանը չեն վերադառնա, կարծում են հոդվածի հեղինակները: «Սառը պատերազմի ավարտից հետո ի հայտ է եկել նոր միջուկային գերտերություն՝ Չինաստանը, որը կաշկանդված չէ որևէ պայմանավորվածությունով: Պուտինը հազիվ թե հույսը դնի Դոնալդ Թրամփի կողմից զիջումների վրա սպառազինությունների մրցավազքում, որում Ռուսաստանը կարող է միայն պարտվել: Երկու նախագահներն էլ լավ կանեն առավել քիչ բարձրագոչ հայտարարություններ անել և դրա փոխարեն ուշադրություն դարձնել զինաթափման հին ու բարի բանակցությունների վրա»,-գրում է թերթը:
Ֆլորիդայի բնակիչներին չի անհանգստացնում միջուկային սպառնալիքը
«Չնայած իրենց նահանգը, թվում է, դարձել է Վլադիմիր Պուտինի նոր բալիստիկ սպառազինության թիրախ, Ֆլորիդայի քաղաքների առաջնորդները կարծես թե բավականին հանգիստ են վերաբերում միջուկային ապոկալիպսիսի սպառնալիքին»,- գրում է Guardian-ը:
«Մոսկվայում ոգևորված լսարանի առաջ Պուտինի ցուցադրած 44-վայրկյանանոց հոլովակի կադրերից մեկում երևում է, որ 9 միջուկային մարտագլխիկ ուղարկվում է Ֆլորիդայի քաղաքների՝ Տամպայի, Սենթ Փիթերսբերգի, Քլիրուոթերի վրա»,- գրում է թերթը:
Հոդվածի հեղինակները կապվել են այդ քաղաքների քաղաքապետերի հետ՝ պարզելու՝ ինչպես են նրանք վերաբերում պոտենցիալ սպառնալիքին: Տամպայի քաղաքապետ Բոբ Բաքհորնը Guardian-ի խնդրանքով նայել է հոլովակը և հայտարարել, որ տպավորված չէ:
«Շատ եմ ցավում, որ նախագահ Պուտինը որոշել է Տամպան ընտրել որպես իր սպառնալիքների թիրախներից մեկը, բայց այժմ կարծում եմ՝ մենք կարող ենք սա դիտել որպես ավելորդ բոցաշունչ հռետորաբանություն, որի նպատակն է խաղի մեջ պահել իր կործանվող ռեժիմը»,- ասել է Բաքհորնը:
Հարևան Սենթ-Փիթերսբերգի քաղաքապետ Ռիք Քրիսմանը նույնպես առանձնապես մտահոգված չէ Պուտինի ցուցադրած հոլովակի կապակցությամբ:
«Մենք վստահ ենք, որ մեր տարածաշրջանը հոլովակում հայտնվել է պատահաբար»,- կարճ ասել է քաղաքապետը:
«Ռազմական վերլուծաբանները վաղուց Տամպայի ծոցը տեսականորեն համարում են ԱՄՆ-ի դեմ միջուկային հարձակման հիմնական թիրախ: Անցյալ տարի Tampa Bay Times թերթը հրապարակեց ծավալուն վերլուծական հոդված՝ նվիրված միջուկային հարձակման ազդեցությանը տարածաշրջանում գտնվող ՄաքԴիլլ ավիաբազայի և ամերիկյան բանակի USCentcom հրամանատարական կենտրոնի վրա:
Թերթի հետ զրուցած փորձագետներից մեկը հայտարարել է, որ ավիաբազայի մոտ 20 կիլոտոննայանոց միջուկային ռազմամթերքի պայթյունը այն ամբողջությամբ կարող է ոչնչացնել, իսկ կես մղոն շառավղով մարդիկ բոլորը կզոհվեն:
Եվրոպական մամուլ. «նախընտրական հռետորաբանություն
«Նախագահական ընտրությունների նախաշեմին Պուտինը ռուսներին տրամադրում է նախագահության հաջորդ ժամկետին»,- գրում է գերմանական Focus թերթը:
«Այդ նոր զենքը մշակողներին Պուտինն անվանում է «մեր ժամանակի հերոսներ»: Նա նաև հիշում է ռուս օդաչուին, որին հարվածել էին Սիրիայում, և որն իրեն նռնակով պայթեցրել էր՝ իսլամականների ձեռքը չընկնելու համար: Հենց այդպիսի «հերոսներով» է, որ ռուսական զինված ուժերը տարբերվում են մյուսներից»,- նկատում է թերթը:
Ընդ որում, Focus-ը նշում է, որ չնայած հավասարակշռող «խաղաղ» հռետորաբանությանը՝ Պուտինի ուղերձը, ըստ էության, մնում է սպառնալիք:
«Նրա խոսքով՝ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում և մտադիր չէ հարված հասցնել որևէ երկրի: Բայց հետո Պուտինը, այնուամենայնիվ, սպառնում է և ասում. եթե Ռուսաստանի վրա միջուկային զենքով հարձակում իրականացվի, Ռուսաստանը «վայրկենապես» դրան պատասխան կտա»,- գրում է Focus-ը:
Welt-ը նկատում է, որ Պուտինի ուղերձը վերաբերում էր ոչ միայն սպառազինությանը:
«Ռուսաստանում ընտրություններից երկու շաբաթ առաջ Պուտինը խոստացել է բնակչությանը զգալիորեն բարելավել ենթակառուցվածքներն ու կյանքի պայմանները: «Մենք պատրաստ ենք բեկման»,- ասել է նա խորհրդարանին ուղղված իր տարեկան ուղերձում: Ճանապարհաշինության մեջ ներդրումները պետք է առնվազն կրկնապատկվեն, ինչպես նաև ավելի շատ գումարներ կպահպանվեն նավահանգիստների և օդանավակայանների համար»,- մեջբերում է թերթը Պուտինի խոսքերը՝ չմեկնաբանելով տնտեսական զարգացման նրա ծրագրերը:
Ֆրանսիական Point-ը նշում է, որ Պուտինը մի քանի խոստում է տվել կապված բնապահպանության հետ, բայց հիշեցնում է, որ նա նախկինում էլ նման խոստումներ է տվել:
«Վլադիմիր Պուտինը, որը եթե մեծ անակնկալ չլինի, մարտի 18-ին կհաղթի ընտրություններում և կմտնի նոր 6-ամյա ժամկետ, հայտարարել էր, որ 2017թ. Ռուսաստանում կդառնա էկոլոգիայի տարի: «Գրինփիսի» և ռուսական մի շարք այլ բնապահպանական կազմակերպությունների տվյալներով՝ այն ավարտվել է առանց զգալի արդյունքների»,- գրում է թերթը:
Ֆրանսիական Liberation-ը նույնպես Պուտինի հայտարարության մասին խոսում է ընտրությունների համատեքստում:
«Պուտինի այս ելույթը պատկերացում տվեց նրա գալիք նախագահական ժամկետի գլխավոր առաջնահերթությունների մասին, առաջին հերթին տնտեսական և սոցիալական ոլորտներում: Քաղցկեղի դեմ պայքարում միջոցներ ձեռնարկելու, ճանապարհային ենթակառուցվածքները բարելավելու և մսուր-մանկապարտեզներում լրացուցիչ տեղեր բացելու խոստումներից հետո Պուտինը մոտ մեկ ժամ խոսեց նորագույն «անհաղթ» ռուսական զենքի մասին՝ էկրանին ցույց տալով լուսանկարներ, ինֆոգրաֆիկա և հոլովակ»,- գրում է թերթը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ