Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Մովսիսյանը` «Օսկարի», Օլդմանի կերտած Չերչիլի ու այլոց մասին

Մարտ 02,2018 15:05

Մարտի 4-ի գիշերը, լույս 5-ին Լոս Անջելեսում կկայանա Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը: Հոբելյանական` 90-րդ մրցանակաբաշխությունը կվարի Ջիմի Քիմելը:

Aravot.am-ի հետ զրույցում կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը հայտնեց, որ այս տարի Հայաստանը հնարավորություն ունի Առաջին ալիքի ուղիղ եթերում դիտել այդ գունեղ միջոցառումը:

Րաֆֆի Մովսիսյանը իր այլ գործընկերների հետ մեկնաբանելու է հոբելյանական «Օսկարը», որը նրա ձեւակերպմամբ, համաշխարհային կինոյում լուրջ կարեւորություն ունեցող մրցանակաբաշխություն է, որը նաեւ թելադրող նշանակություն ունի:

«Օսկարով» է պայմանավորված, թե որ կինոռեժիսորները, դերասանները եւ կինոգործիչները կդառնան ավելի մեծ պահանջարկ ունեցող, որ ֆիլմերը դիստրիբյուցիայից հետո կստանան երկրորդ կյանքի հնարավորություն»,- ասում է մեր զրուցակիցը: Բացի գլխավորներից, նա անդրադարձավ նաեւ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին, որը կինոքննադատի կարծիքով՝ եւս ճակատագրեր որոշող ու միտումներ թելադրող անվանակարգ է:

«Մենք Հայաստանի կողմից Հանրայինի ուղիղ եթերում հնարավորություն ունենք հետեւելու «Օսկարի» մրցանակաբաշխությանը եւ դառնալու խոշոր միջոցառման մասնակիցը, ինչպես նաեւ լինելու ընդգրկված այդ գործընթացում: Այնպես որ, ինձ համար եւս մեծ պատասխանատվություն է մեկնաբանել «Օսկարը»:

Նշեմ, որ այս տարի բավականին հետաքրքիր է մրցույթը, որի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում: Ֆիլմերից որոշները Հայաստանում արդեն ցուցադրվել են, մի մասը հասանելի է եւ կարելի է դիտել: Անձամբ ես շատ հավանեցի Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձեւը» ֆիլմը, որն ըստ իս, ժամանակակից կինոյի կարեւոր ձեռքբերումներից է եւ իհարկե՝ նաեւ Մարտին Մակդոնահի «Երեք բիլբորդ Էբբինգի սահմանին» ֆիլմը» ,- հայտնեց Րաֆֆի Մովսիսյանը:

Կինոքննադատը նշեց, որ 90-րդ «Օսկարի» ֆավորիտներից է Գերի Օլդմանը` «Մութ ժամանակներ» ֆիլմում, Ուինսթոն Չերչիլի կերպարի փայլուն մարմնավորման համար: Ի դեպ, այս դերը խաղալու համար դերասանը ստիպված է եղել 400 սիգար ծխել, ինչի վերաբերյալ ֆիլմի ռեժիսոր Ջո Ռայթն ասել է, որ Չերչիլին լավագույն մարմնավորելու համար արժեր գնալ նման զոհողության:

«Բոլոր նրանք, ովքեր ուզում են կինո տեսնել բարձր որակով, այս տարվա «Օսկարն» այդ հնարավորությունն ընձեռում է, դա կինոոլորտի ամենասպասված միջոցառումն է համաշխարհային մասշտաբով: Վստահ եմ, որ Ամերիկյան կինոակադեմիան իրական տոն է պարգեւելու բոլոր կինոսիրողներին»,-համոզված է կինոքննադատը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Րաֆֆի Մովսիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Իսկ ճմրթված շորորը կարելի է արդուկել և հարգել կինոդիտողներին, հարգելի կինոքննադատ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031