Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդը ինչ-որ բանից դժգոհ է»

Մարտ 02,2018 14:52

«Ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդը ինչ-որ բանից դժգոհ է»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը: «Հայ ժողովուրդն ընդամենը ուզում է շատ լավ ապրել եւ, կարծում եմ, այն բոլոր գործառույթները, որ տեղի կունենան առաջիկայում, հենց նվիրված են լինելու դրան»,- ասաց նա`հավելելով, որ իշխանությունը, ժողովուրդը եւ քաղաքական կուսակցությունները պետք է ջանքերը միավորեն:

Լրագրողները կրկին հետաքրքրվեցին`արդյոք Սերժ Սարգսյանը միակ անփոխարինելի անձն է, որը պետք է շարունակի ղեկավարել Հայաստանը`արդեն վարչապետի պաշտոնում: Հիշեցնենք, ՀՀԿ-ականներից Գալուստ Սահակյանն առաջինն էր, որ սկսեց խոսել Սերժ Սարգսյանի`անփոխարինելի ղեկավար լինելու մասին: Ասաց`այժմ էլ իր կարծիքին է. «Ես գտնում եմ այս պահին, որ արժանի է Սերժ Սարգսյանը»:

«Երբեք չմտածեք, որ իշխանությունները նրա համար են, որ ժողովրդի համար ամենահստակ ճանապարհը բացեն: Ինքը` ժողովուրդն է իր հստակ ճանապարհը բացում»,- հավելեց Գալուստ Սահակյանը`նկատելով, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր առաջնորդներին:

Լրագրողներից մեկը հարցրեց` ժողովուրդն ինչի՞ց պետք է գոհ լինի իշխանությունից, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ժողովուրդը կարող է գոհ լինել, որ անկախ է: Յուրաքանչյուր ժողովուրդ եթե անկախ է, անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ են, ժողովրդի ճանապարհը դա է: Եթե ժողովուրդը չի կարողանում անկախությունը գնահատել, դա այլ խնդիր է: Ժողովուրդն անկախության ճանապարհով երկիրն ամրակուռ դարձնելու համար բավականին երկար ժամանակ է պետք»:

Լրագրողը նկատեց` ժողովուրդն անկախ է, բայց աղքատ: Գալուստ Սահակյանն ասաց` աղքատությունը մի կողմ դրեք: Նա սկսեց լրագրողներին դաս տալ. «Պիտի կարողանաք շատ կարդալ, որ հասկանաք` անկախությունը այլ բան է, աղքատությունը այլ բան է, հարստությունը այլ բան է: Այն ժողովուրդը, եթե անկախության ճանապարհով չի գնում, նա ընդհանրապես համաշխարհային մասշտաբով եւ մարդկության հիմնական ճանապարհներից դուրս մնացող ժողովուրդ է»:

Լրագրողը շարունակեց`իսկ ինչո՞ւ է իշխանությունն ընկել հարստության հետեւից: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե նման մարդիկ կան` դրանց դուք, մյուսները, բոլորը պիտի քննադատեն: Բայց դա կապ չունի Հայաստանի անկախության հետ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031