Փետրվարի 27-ին մայրաքաղաք Երևանում կայացած մասնագիտացված դասընթացի ընթացքում տասնինը քաղաքներ, որոնք ԵՄ-ի աջակցությամբ գործող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության անդամներ են, տեղեկացան, թե ինչպես կարող են բարելավել իրենց էներգետիկ և կլիմայական քաղաքականությունները և գրել Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրեր (ԿԷԶԳԾ):
Դասընթացի հիմնական նպատակն էր օգնել քաղաքներին բարելավել իրենց գիտելիքները և կարողությունները՝ կլիմայի փոփոխության հետ կապված խոցելիությունը գնահատելու, և ածխաթթու գազի արտանետումների կրճատումները վերահսկելու ու հաշվետվություն ներկայացնելու նպատակով՝ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությունում իրենց ներգրավվածության շրջանակում: Նրանք տեղեկացան էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և կլիմայի փոփոխության մեղմացման ոլորտում վերջին տեխնոլոգիաների մասին:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը օգնում է քաղաքապետարաններին մշակել և իրականացնել Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրեր՝ նվազեցնելով հանածո վառելիքից կախվածությունը, բարելավելով էներգիայի մատակարարման անվտանգությունը և թույլ տալով նրանց ավելի ակտիվորեն նպաստել կլիմայի փոփոխության մեղմացմանը:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը «ԵՄ-ն հանուն Էներգետիկայի» նախաձեռնության մասն է կազմում: Վերջինս ընդգրկում է ԵՄ բոլոր աջակցությունները՝ Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա) էներգիայի մատակարարման, անվտանգության և կապակցելիության բարելավումը, ինչպես նաև էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի օգտագործման խթանումը: Այն իրականացվում է նախագծերի և ծրագրերի ֆինանսավորմամբ, որոնք օգնում են բարեփոխել էներգետիկ շուկաները և նվազեցնել ազգային էներգետիկ կախվածությունն ու սպառումը: Տարիների ընթացքում այն էներգիայի մատակարարումը դարձնում է ավելի հուսալի, թափանցիկ և մատչելի՝ այսպիսով նվազեցնելով էներգետիկ աղքատությունը և էներգիայի հաշիվները ինչպես քաղաքացիների, այնպես էլ մասնավոր հատվածի համար:
«EU NEIGHBOURS east» նախագիծ