Խոշոր կատվազգիները կենդանական աշխարհում ամենավտանգվածներից են, քանի որ դրանք որսագողության թիրախ են հանդիսանում, ուստի այս տարի Վայրի բնության համաշխարհային օրը նվիրված է խոշոր կատվազգիներին: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF – Հայաստան) բնապահպանական գծով պատասխանատու Արսեն Գասպարյանը: Մարտի 3-ը վայրի բնության համաշխարհային օրն է: Ըստ Գասպարյանի, Եվրոպայում խոշոր եւ վերջին կատվազգին, որը վտանգված է, դա կովկասյան ընձառյուծն է, եւ այս կենդանիներով, կարելի է ասել, հարուստ է Կովկասը, սակայն այդ հարստությունը հաշվվում է կենդանիների թվաքանակով, տարածաշրջանում 7-9 կովկասյան ընձառյուծ կա: Գասպարյանի ներկայացմամբ՝ մենք պետք է կարողանանք պահպանել մեր բնությունը, այն, ինչ հիմա ունենք, քանի որ այդ առումով մենք հարուստ երկիր չենք, որ կարողանանք հետագայում վերականգնել կորցրածը:
Բանախոսն օրինակ բերեց՝ Եվրոպայում միլիոնավոր դոլարներ են ծախսում, որպեսզի կարողանան գայլին, այսպես ասած՝ հետ բերել. «Եթե մենք չունենանք առողջ էկոհամակարգ, ապա կունենանք գայլի, արջի եւ մարդու կոնֆլիկտ, ինչը Հայաստանում վառ արտահայտված է»:
Արսեն Գասպարյանի խոսքերով՝ նախորդ տարի 70-ական թվականներից վայրի կենդանիների թվաքանակը կրճատվել է 2 անգամ, իսկ մարդկանց թվաքանակն աճում է: Գասպարյանն ասաց, որ պատրաստվում են Իրանից Հայաստան բերել ազնվացեղ եղջերուներ, այս կենդանիները մեր երկրում անհետացել են. «Դրանք վերացել են նախորդ դարի հիսունականներից սկսած որսագողության հետեւանքով: Գիտե՞ք, որ Հայաստանում եղել է կովկասյան վագր, որսագողության պատճառով է վերացել է»:
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ «Հանուն կայուն զարգացման» կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանն էլ ասաց՝ մեր երկիրը հարուստ կենսաբազմազանություն ունի, սակայն այն վտանգված է հանքարդյունաբերությամբ եւ որսագողությամբ.«Հայաստանը ստորագրել է կենսաբազմազանության պահպանության կոնվենցիան, որի 4-րդ զեկույցում, մի փոքր զարմանալի է, բայց գրված է՝ Հայաստանում 1000 քմ կմ-ի վրա ցածրակարգ բույսերի տեսակների քանակը 161,8 է, իսկ աշխարհում՝ 0.15: Բարձրակարգ բույսերը Հայաստանում՝ 131,66, իսկ աշխարհում՝ 1,67: Նույնը՝ կենդանիները: Կաթնասունները մեզ մոտ՝ 2,76, իսկ աշխարհում 0,03»:
Տիկին Դանիելյանը կատակեց՝ «Երբ աշխարհի տարբեր երկրներից մասնագետները գալիս են եւ զարմացած հարցնում՝ այսքան հարուստ եք, ինչո՞վ եք բացատրում: Ես էլ, ինձ թույլ եմ տալիս ոչ գիտական մի բան ասել, կատակել, ասում եմ՝ բա Նոյը այստեղ է իջել կենդանիների հետ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գասպարյանն էլ բացատրեց, թե այդ ցուցանիշներն ինչ են նշանակում. «Մեր տարածաշրջանը կենսաբազմազանության թեժ կետ է»: Դանիելյանն էլ ավելացրեց՝ Հայաստանում նաեւ էնդեմիկ բուսատեսակներ կան, եթե ոչնչացնենք, ուրեմն՝ աշխարհում կվերանա այդ տեսակը:
Հիմա Եվրոպայում արհեստական անտառներ են, ինչպես բանախոսներն ասացին, այդ երկրներում ժամանակին բնական աճած անտառները հատել են, ու հետո հասկացել են, թե ինչպես են վտանգել շրջակա միջավայրը, ու սկսել են անտառներ տնկել, որոնք աճում են հարյուրավոր տարիների ընթացքում:
Ըստ Դանիելյանի՝ կենսաբազմազանության ցուցանիշները մեր երկրում դեռեւս բարձր են, սակայն՝ դեռեւս.«Ու մենք չենք հասկանում, որ մեր հարստությունը ոչ թե այն պղինձն է, որ ասում են՝ եկեք քանդենք, հանենք, ոսկին քանդենք ու հանենք, այլ մեր հարստությունը բնությունն է: Տիեզերքից նկարներ կան, թե ինչպես են պոչամբարները խժռում անտառները»:
Մանրամասն՝ տեսանյութում
Դանիելյանն ասաց, երբ բնապահպանները բնության պահպանման հարցն են բարձրացնում, կառավարության անդամները մշտապես հակադարձում են՝ ապացուցեք թե որքան օգուտ է տալիս բնությունը տնտեսությանը: Մինչդեռ, ինչպես Դանիելյանն ասաց, բնության օգուտը տնտեսության վրա այդպես հասարակ ձեւով չափելի չէ:
Բանախոսներն անդրադառնալով Թեղուտի հանքի բացման պատճառով հատված անտառին եւ նոր անտառի տնկման պարտավորությանը, ասացին՝ այդ տարածքում բնակիչները, որոնք մեղվաբուծությամբ էին զբաղվում, հիմա չեն կարողանում, մեղվի համար միջավայր չկա: Դանիելյանն ասաց, եղել են տեղում ու տեսել՝ Թեղուտի հատված անտառի փոխարեն իբրեւ պարտավորվել էին անտառ տնկել մեկ այլ տեղ, չկա անտառ, ծառերը չեն կպնում: Գասպարյանն ասաց՝ «Անտառ տնկել հնարավոր չէ, դա բարդ էկոհամակարգ է: Երբ հանքը բացում են, հումքը հանում են, հետո այնտեղ վերականգնելու համար հատուկ ռեկուլտիվացիա պետք է արվի, ինչը չեն անում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Դանիելյանի խոսքերով՝ գիտությունն ապացուցել է, որ մեր կյանքը կախված է նրանից, թե որքանով ենք պահպանում վայրի բնությունը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ