Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Գալա»-ն եթերազրկած դատավորը՝ բարձրագույն դատական խորհրդի անդամ

Մարտ 02,2018 14:19

Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներից մեկը, որը ընտրվել է 3 տարի ժամկետով, Արմեն Խաչատրյանն է՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորներից։ Վերջինս գյումրեցիների հիշողության մեջ մնացել է որպես 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությանը ընդդիմադիր կեցվածք ցուցաբերած «Գալա» հեռուստաընկերությանը հեռուստաաշտարակից զրկելու վճիռ կայացրած դատավոր

Հիշեցնենք, որ «անհնազանդ» հեռուստաընկերության գլխին հարկային մարմնի միջոցով գործ սարքելուց բացի, երկրի իշխանությունները խայտառակ այդ պատմության մեջ ներքաշեցին նաև Գյումրիի այդ ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որը հայց ներկայացրեց դատարան՝ «Գալա» հեռուստաընկերության ձեռքից հեռուստաաշտարակը վերցնելու ու այն քաղաքապետարանին հանձնելու պահանջով։

Հետաքրքիրն այն է, որ Արմեն Խաչատրյանը բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվեց մարտի 1-ին, երբ 10 տարի առաջ, ճիշտ այդ օրը վճիռ կայացրեց հեռուստաընկերությունը եթերազրկելու, ասել է թե՝ գյումրեցիներին ազատ խոսքի իրավունքից զրկելու։

Մենք «Գալա»-ի փաստաբան Կարեն Թումանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի Արմեն Խաչատրյանին բարձրագույն դատական ատյանի անդամ ընտրելու մասին։

Կարեն Թումանյանն ասաց. «Ես իր հետ շփվել եմ որպես իրավաբանի, իմ կարծիքը բարձր է նրա մասին որպես մասնագետի ու որպես մարդու, այլ հարց է, որ անկախ դատական համակարգ չունենք։ Ես չեմ ուզում որևէ մեկի կայացրած դատական ակտը քննադատել կամ որևէ բան ասել, որովհետև ես իմ քննադատությունը բողոքներով ներկայացրել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու ստացել եմ դիրքորոշում։ Ես մեր դատական համակարգին անձնավորված չեմ մոտենում ու չեմ մոտեցել երբևէ, դատական համակարգն անկախ չէ որպես այդպիսին, եթե հիմա փորձ է արվում, որ անկախություն ստանա, եթե ստացվի, շատ լավ կլինի։ Դատական համակարգը չունի թե՛ ներսի անկախություն, և թե՛ անկախ չէ իշխանության մյուս ճյուղերից։ Ես որպես իրավաբան՝ կուզեի, որ ապահովված լիներ դատական համակարգի թե՛ ներքին և թե՛ արտաքին անկախությունը»։

Ի դեպ, Արմեն Խաչատրյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի միակ դատավորն է, որը ՀՀ արդարադատության խորհրդի անդամ է։ Այս մասին փաստում է Հայաստանի դատական համակարգի պաշտոնական էջում տեղադրված դատավորների կենսագրությունը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Արմեն Խաչատրյանի լուսանկարը՝  court.am պաշտոնական կայքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031