«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline) դեռևս 1998թ.-ից սկսած զբաղվում է փողոցային ավտոմատ հեռախոսների ծառայության տրամադրմամբ:
Երևան քաղաքի փողոցներում տեղադրված քարտային հեռախոսների` քարտֆոնների վրայի կեղտը տարիների պատմություն ունի: Սակայն, քարտֆոնների վրա փակցված են Beeline ընկերության ցուցանակները, որտեղ հրահանգներ են տրված, թե ինչպես կարելի է վճարովի և անվճար զանգեր կատարել, ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում:
Որոշեցի հարցումներ կատարել Beeline ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում` պարզելու համար, արդյոք սարքին են քարտֆոնները: Պարզվում է` ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատները, որոնք պարուրված են տարիների փոշով` սարքին են, և նույնիսկ վաճառվում են տարբեր միավորների համապատասխան արժողության քարտեր:
Եթե անգամ հաշվի առնենք այն հանգամանքը, որ այսօրվա տեխնոլոգիաների արագ զարգացումն ու տարածումը հանրության լայն շրջանակներում հնարավորություն է տալիս հեռու մնալ ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներից օգտվելուց, այնուամենայնիվ հակահիգիենիկ միջավայրի պահպանումը ոչ մի ձևով չի կարող արդարացվել:
Վստահ եմ, որ ավտոմատ հեռախոսներից` քարտֆոններից օգտվելու ցանկություն կամ գոնե հետաքրքրվածություն ունեցել են ոչ միայն քաղաքացիներ կամ ուսումնական հաստատություններում սովորող մարզերի բնակիչներ, այլ նաև բազմաթիվ տուրիստներ, որոնք ևս մեկ անգամ վավերագրել են «մաքուր» Երևանի տեսարանները:
Ինչ են մտածում Երևանի քաղաքապետարանն ու «ԱրմենՏել» ընկերությունը: Եթե հարցը դրված է ակնհայտ պահանջարկը նվազած քարտֆոնների ծառայությունը դադարեցնելու ուղղությամբ, ապա որքան ժամանակ է անցորդի աչքը բախվելու այս զազրելի տեսարանին, հատկապես քաղաքի կենտրոնում, իսկ եթե այնուհանդերձ օգտվողների թիվը բավարար է «ԱրմենՏել» ընկերության կողմից ծառայությունը շարունակելուն, ապա ով է ձեռնամուխ լինելու մաքրության պահպանմանը:
Նարա ԽԱՐԱԶՅԱՆ