«Զանգվածային լրատվության մասին օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ լրագրողն իր մասնագիտական գործունեության ընթացքում որպես հասարակական պարտք կատարող անձ պաշտպանված է օրենքով, և հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ արգելվում է»,- «Մեդիա կենտրոնում» «Տեղեկատվության տրամադրման ու լրագրողների գործունեության սահմանափակումներ պետական կառույցներում» թեմայով հրավիրված քննարկմանը հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանում լրագրողների նկատմամբ տեղի ունեցածին, մասնավորապես Ա1+-ի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների գործունեության խոչընդոտմանը, պարոն Մելիքյանը վստահեցրեց, որ Երևանի քաղաքապետարանում խոչընդոտում է իրականացվել լրագրողների նկատմամբ և թույլ չի տրվել, որ լրագրողներն իրենց աշխատանքը մինչև վերջ կատարեն:
Պարոն Մելիքյանը տեղեկացրեց, որ փետրվարի 28-ին Ա1+ը նամակ է ստացել Արթուր Գևորգյանից: Որպես իրենց իրավունքների պաշտպանը՝ լրատվամիջոցը որոշել է նամակը տրամադրել ԽԱՊԿ-ին. «Սա զավեշտալի նամակ է այն առումով, որ Արթուր Գևորգյանը փորձում է հենց Ա1+-ին մեղադրել զանգվածային լրատվության մասին օրենքի խախտման մեջ: Տեղյակ եմ, որ նույնաբովանդակ նամակ ստացել է նաև Ազատության հայկական ծառայությունը: Կարծում եմ՝ այս միջին օղակի պաշտոնյային ինչ-որ մեկը սովորեցրել է, որ լրատվամիջոցներն իր ենթական են, մինչդեռ ինքը չգիտի, որ իր ղեկավարած օղակն ընդամենը օղակ պետք է լինի լրատվամիջոցների և քաղաքապետարանի պաշտոնյաների միջև»:
Ըստ Աշոտ Մելիքյանի, եթե Արթուր Գևորգյանն այս նամակներն ուղարկել է սեփական նախաձեռնությամբ, կարելի է ակնարկել, որ քաղաքապետն իմանալով՝ նրան պատասխանատվության կենթարկի: Նա հավելեց. «Եթե արվել է քաղաքապետի իմացությամբ և հավանությամբ, ապա այստեղ արմատները շատ ավելի խորն են, և Տարոն Մարգարյանն ուղղակի պարտավոր է վերանայել իր գործելաոճն ու իր կապերը լրատվամիջոցների հետ»:
Անդրադառնալով կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նոր օրենքի նախագծին, որտեղ դրույթ կա, որով նախատեսվում է՝ այսուհետ կառավարության նիստերը դռնփակ են անցնելու, պարոն Մելիքյանն ասաց. «Սա անհանգստություն է պատճառում նախ և առաջ լրագրողներին, քանի որ գրեթե անհնարին է դառնում ստույգ և օպերատիվ տեղեկատվություն ստանալը կառավարության նիստերից: Կան նաև կոռուպցիոն ռիսկեր, հաշվետվողականության բացակայություն, ստացվում է, որ հասարակությունը կարող է իմանալ միայն այն տեղեկությունները, որոնք նպատակահարմար կգտնի ինքը կառավարությունը: Սա անընդունելի մոտեցում է: Սա գնահատում եմ որպես անհիմն սահմանափակում խոսքի ազատության, նաև հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքի: Համարում եմ, որ այն կարող է լրջորեն ազդել նաև այլ պետական մարմինների գործունեության վրա»:
Հարցին՝ այն, որ Երևանի ավագանու նիստերի դահլիճ լրագրողների մուտքը փակ կլինի, սա ինքնագործունեությա՞ն, թե՞ հրահանգի արդյունք է, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ Արթուր Գևորգյանին հրահանգել են, թե՝ ոչ, բայց, ամեն դեպքում, ինքն ինքնագլուխ այդ հայտարարությունը չէր անի: Դա քաղաքապետարանի ղեկավարության որոշումն է: Ուզում եմ այդ պաշտոնյաներին հիշեցնել, որ իրենք ՏԻՄ մարմին են, պետք է շահագրգռված լինեն բաց լինելու հանրությանը և լրատվամիջոցներին, քանի որ հենց ԶԼՄ-ների միջոցով է հասարակությունը տեղեկանում նրանց աշխատանքին: Այն հավատարմագրման կարգը, որ գործում է պետական մարմիններում, ՏԻՄ մարմինների համար նախատեսված չէ: Ուստի լրագրողական վկայականը պետք է բավական լինի քաղաքապետարան մտնելու և տեղեկություններ հավաքելու համար: Եթե թղթախաղով զբաղված էին իսկապես և ուզում էին՝ ոչ մեկը չիմանա, պետք է դուռը փակեին կամ դռան վրա մի ցուցանակ կախեին, որ պետական հույժ կարևոր գործով բլոտ ենք խաղում: Սա իհարկե սարկազմ է, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանանք, որ սա ՏԻՄ մարմին է և գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Էլ չեմ ասում, որ լրագրողների մուտքի համար բավարար պիտի լինի անցաթուղթ ցույց տալը կամ այն պաշտոնյայի համաձայնությունը, որն ուզում է հանդիպել լրագրողի հետ»:
Պարոն Մելիքյանը, հղում կատարելով Զանգվածային լրատվության մասին օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ասաց, թե դրանք չեն տարածվում, եթե այդ ամենը հանրային շահերի պաշտպանության համար է կատարվում: Այնուհետև համոզմունք հայտնեց. «Համոզված եմ, որ այն լրագրողները, որոնք այդ օրն աշխատում էին, նրանք ղեկավարվել են հանրային շահով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի