«ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացրեց այն հիմքերը, որոնց համապատասխան այդ իրավիճակը չպետք է դառնար քննարկման առարկա: Մասնավորապես, բրիտանական օրենքի այն դրույթները, որոնց համաձայն ոչ բնիկ բրիտանացիների համար երկքաղաքացի լինելու դեպքում դա դադարեցվում է դիմումի պահից: Ես համոզմունք ունեմ, որ եթե կա որևէ հարց, որի իրավասությունը գտնվում է ոչ թե իմ, ձեր որոշելիքի տիրույթում, այլ կոնկրետ անձի, ապա ճիշտ չէ, որ ես գնահատական հնչեցնեմ»,- խորհրդարանում նախագահի ընտրության քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նա չգիտի`Արմեն Սարգսյանը կհրապարակի այդ փաստաթղթերը, թե`ոչ: Ասաց`ճիշտ կլինի, որ այդ հարցերն ուղղվեն հենց Արմեն Սարգսյանին:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`եթե Արմեն Սարգսյանն ընտրվելուց հետո ներկայացնի քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերը եւ պարզվի, որ լեգիտիմության հետ կապված խնդիրներ կան, ի՞նչ պետք է արվի: Արփինե Հովհաննիսյանն ասաց`այդ դեպքերի համար ընթացակարգեր կան. «Բայց այն բոլոր տեսակետները, որոնք հնչում են, մեկնաբանություններ են: Այս պահի դրությամբ, եթե խոսքը վերաբերում է Սահմանադրության 124-րդ հոդվածի երկրորդ մասը՝ հանրապետության նախագահին ներկայացվող պահանջներին, եւ այդ փաստաթղթերը ըստ կանոնակարգ օրենքի, Սահմանադրության հիմքերն ապահովող փաստաթղթերին, ապա դրանք ներկայացված են պատկան մարմինների կողմից: Այս պահի դրությամբ ոչ որպես ԱԺ փոխնախագահ, ոչ որպես շարքային քաղաքացի իրավասու չեմ ոչ վիճարկելու, ոչ կասկածի տակ դնելու պաշտոնական մարմին կողմից տրված պաշտոնական փաստաթուղթը, որով հավաստվում է Սահմանադրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության հարցը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ