Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Սվիտալսկին համոզված է. «Սևանում իրականացվող ծրագիրը ապահովելու է լավագույն արդյունք և նպաստելու է ողջ մարզի զարգացմանը»

Մարտ 02,2018 12:50

Սևան համայնքում մեկնարկել է «ԵՄ-ն Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագիրը` ԵՄ համաֆինանսավորմամբ:

Ծրագրի շնորհանդեսին մասնակցելու համար Սևան էին այցելել Հայաստանում եՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, փոխնախարարներ Վարազդատ Կարապետյանը, Կարեն Իսախանյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները, ծրագրի գործընկերները:

Ծրագրի նպատակն է զբաղվածության, որակի, կայունության, անվտանգության և աշխատաշուկայի որակական աճի վրա բազմակողմանի ազդեցության միջոցով նպաստել համայնքում և ողջ տարածաշրջանում կայուն տնտեսական աճի արձանագրմանը:

Ծրագրի ղեկավար Արտյոմ Գրիգորյանի բնորոշմամբ` երկամյա ծրագրի աշխատանքների առանցքում գերակա է լինելու Սևան համայնքի վերափոխումը` այն ֆինանսապես անկախ, տնտեսապես կայուն, սոցիալապես ապահով դարձնելը:

ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Սվիտալսկին, որն առաջին անգամ էր Սևանում, առանձնակի շնորհավորեց համայնքի` ի դեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին, «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրին հաջողված և մրցունակ առաջարկ ներկայացնելու համար:

«Եվրոպական միության համար անչափ կարևոր է Հայաստանի տնտեսական աճին նպաստելը, միաժամանակ գերակայություն է, որ աճն սկսվի մարզերից: ՓՄՁ-ները պետք է դառնան տնտեսական աճի շարժիչները: Այս ծրագիրը միտված է հենց դրան. ցանկացած նախաձեռնություն, որ օգնում է երիտասարդ գործարարին, սկսնակ ձեռնարկատիրոջը, շատ կարևոր է և ողջունելի: Համոզված եմ, որ ծրագիրը կապահովի լավագույն արդյունք և կնպաստի ողջ մարզի զարգացմանը: Շարունակում եմ կարծել, որ կարևոր է ապահովել բոլոր խոչընդոտների վերացումը ՓՄՁ-ների սահուն աշխատանքի համար»,- ասաց պարոն Սվիտալսկին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը իր ելույթում շնորհակալություն հայտնեց տարածքային կառավարման և զարգացման նախարար պարոն Լոքյանին Արևելյան գործընկերության աշխատանքներում ակտիվ դերակատարման համար, որի արդյունքը տեսանելի է և ոգևորող:

Բիզնես կենտրոնի միջոցով իրականացվող ծրագիրն էլ հավակնում է ունենալ տեսանելի արդյունք, քանի որ առաջնահերթություններ են ընտրված մի շարք կարևոր ուղղություններ` ֆիզիկական ենթակառուցվածքների տրամադրում բիզնես համայնքին, համագործակցություն և կապերի ուժեղացում խորհրդատվական և տեխնիկական աջակցություն գործարարներին և աշխատանք փնտրողներին:

Ինչպես իր ելույթում նշեց տարածքային կառավարման և զարգացման նախարարը, կարևոր է ունենալ այս կարգի կենտրոն, որտեղ ամեն օր գիտելիք, օժանդակություն և խորհրդատվություն են տալու: «Սա իր մասշտաբների մեջ ավելին է, քան կարող ենք պատկերացնել: Գեղարքունիքի մարզի համար այն լինելու է ինկուբատոր, որտեղ ամեն օր մշակվելու են գաղափարներ ու տարածվելու: Լավագույն ծրագրի սկիզբն ազդարարված է, որի արդյունքում համայնքը պետք է դառնա տնտեսական ակտիվ դերակատար, տարածքը զարգացնելու շարժիչ ուժ: Կա նաև թիմ, որ կարող է լուծել բոլոր խնդիրները: Մեկնարկող ծրագիրն էլ թիմային լավագույն աշխատանքի արդյունք է, և այս գործիքը պետք է տարածվի նաև մարզի մյուս համայնքներում»,- նշեց պարոն Լոքյանը:

Նախարարը իր ելույթում ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, որոնց հիմքում համայնքների տնտեսական զարգացման աճի արձանագրումն է, լավագույն փորձի տարածումը: «Պետությունը պատրաստ է կանգնել համայնքների կողքին և ֆինանսական միջոցներ ուղղորդել ծրագրերի իրականացմանը»,- վստահեցրեց նախարարը:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն իր ելույթում կարևորեց այս և նմանատիպ ծրագրերի իրականացումը, որոնք ծառայելու են ոչ միայն Սևան համայնքին, այլ նաև ողջ տարածաշրջանին: «Վստահ եմ, որ սա լինելու է գործարար միջավայրի լավագույն հարթակ: Այսօր մենք ազդարարում ենք այս անչափ կարևոր ծրագրի մեկնարկի մասին և օգտագործելով պատեհ առիթը` ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիությանը` ի դեմս Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը` ի դեմս նախարար Դավիթ Լոքյանի, այն բոլոր կառույցներին և անձանց, ովքեր նպաստել են, որ այս ծրագիրը գաղափարից դառնա կոնկրետ գործ: Այս ծրագիրը ծառայելու է իր նպատակին, և արդյունքներն էլ ուշացնել չեն տա»,- ասաց Սևան համայնքի ղեկավարը:

«ԵՄ-ն Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագրի առանցք հանդիսացող բիզնես կենտրոնի կառուցմամբ, որը ներառելու է աշխատանքային 15 համընդհանուր տարածքներ գործարարների համար, աշխատանքային հանդիպումների նորարական, կոնֆերանս սենյակներ, տեղեկատվական և խորհրդատվական կենտրոններ, միջոցով իրականացվելու են բիզնեսի զարգացման խորհրդատվություն և դասընթացների կազմակերպում, մասնավորապես` բիզնես և ռազմավարական պլանավորում, նորարայնության տեղայնացում, շուկայական կապեր, արտահանում ներկրում ուղղություններով: Կենտրոնի մասնագետները կօժանդակեն նորամուծություններին, կաջակցեն բիզնեսների ֆինանսական և շուկայական կապերի հզորացմանը, Սևանի տարածաշրջանում աշխատանք փնտրողներին մասնագիտական վերապատրաստումների միջոցով կտան հնարավորություն մրցունակ լինելու աշխատաշուկայում, միաժամանակ կաջակցեն աշխատանքի տեղավորման հարցում:

Ծրագրի ղեկավար Արտյոմ Գրիգորյանը, ներկայացնելով ծրագրի բովանդակությունը, ուղղությունները, նշեց նաև այն արդյունքները, որոնք ակնկալում են ունենալ ծրագրի ավարտից հետո:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031