Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ափսոս է այն ժամանակը, որ մենք վատնում ենք մեռելահիշողության վրա. Հրանտ Վարդանյան. «Հրապարակ»

Մարտ 02,2018 12:40

Մարտի 1-ը 10 տարի է՝ արդեն ասոցացվում է ոչ թե գարնան գալստյան, այլ մեր նորագույն պատմության ամենաողբերգական դեպքերի՝ Մարտի 1-ի ոճրագործության հետ, որի ժամանակ ունեցանք 10 զոհ։

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը հիշում է՝ այդ օրերին Մոսկվայում էր գտնվում եւ շատ ծանր տարավ մարտիմեկյան դեպքերը․ «Երեւանն ալեկոծված էր, ու անհասկանալի էր, թե ինչ է կատարվում քաղաքում։ 10 տարի անց՝ մարտի 1-ին, էլի բոլորս մտքերով այդ ամեն ինչի հետ ենք, որովհետեւ անարդարությունն այս ժողովրդի համբերության բաժակը լցրել է։ Մենք ասում ենք՝ ջղային ենք, մարդիկ ապատիկ վիճակի մեջ են, բայց ոչ մի անարդարացի բան, այս ժողովրդի հետ կապված, մինչեւ օրս չի բացահայտվել․ արդեն 100 տարուց ավել է՝ Ապրիլի 24, հեղափոխություն, հեղաշրջում, բոլշեւիկներ, Հոկտեմբերի 27…։ Ինձ թվում է՝ ինչ-որ տեղ մենք անընդհատ սխալ ենք գործում, չենք կայանում, որովհետեւ Հոկտեմբերի 27-ի դեպքում էլ չպարզվեց, թե ով էր դա պատվիրել։

Այս անարդարության շարանը հոգնեցուցիչ է, ու երբ այսքանից հետո էլի այս ժողովուրդը հույս է փափագում, երեխա է ունենում, ապրում է իր հողի վրա, փորձում է ստեղծագործել, պետք է այս ժողովրդի ոտքերը լվան ու ջուրը խմեն։ Այսքան չբացահայտված անարդարությունների մեջ ոչ մեկը պատիժ չի կրում, թուրքը պատիժ չի կրում, բոլշեւիկը պատիժ չի կրում, կառավարությունը, որ հրաման է տվել կրակելու, պատիժ չի կրում, հետո խոսում են կոռուպցիայից ու անարդարությունից։ Այսօրվա իմ գարունը փչացրել են Մարտի 1-ով, աշունը՝ Հոկտեմբերի 27-ով, այսինքն՝ բնության զարթոնքով այսօր չենք կարողանում ուրախանալ, որովհետեւ մարդիկ սգի մեջ են, իսկ ինչո՞ւ պետք է այսպես լիներ։ Եթե չարագործները, մարդասպանները դատվեին, պատժվեին, մենք այսօր մարտի 1-ը որպես գարնան տոն կնշեինք, իսկ պատմության մեջ այն կնշվեր որպես անարդարության համար զոհված քաղաքացիների արժանապատվության օր»։

Ռեժիսորի կարծիքով՝ այսօր մեր ցավն այդքան մեծ չէր լինի, եթե մեղավորները պատժված լինեին, որովհետեւ անարդարությունը, անպատժելիությունը վաղը նորից դա ունենալու վախն է, կասկածը․ «Դա խորը եւ անբուժելի հետք թողեց բոլորիս վրա։ Մենք այստեղ ենք ապրում՝ այստեղի ամեն օրով, ժողովրդի ներվը բաց է, այդ ներվի վրա ամեն մի շշուկ, թրթիռ շատ արագ է ազդում, մենք մի բուռ ժողովուրդ ենք, մեկս մյուսին բարեկամ ենք գալիս, ո՞նց կարող է կողքիս մարդուն փողոցում սպանեն, եւ դա իմ վրա չազդի։ Եթե մեր վրա ազդում են Աֆրիկայում, Սիրիայում սովամահ եղող երեխաները, ուր մնաց թե մեր արյունակցի մահը չազդի մեզ վրա։ Ափսոս է այն ժամանակը, որ մենք վատնում ենք մեռելահիշողության վրա, երբ այսօր ամեն ինչ պետք է անեինք, որ երիտասարդությունն ուրախության մեջ ապրեր, արվեստագետն իր գործով զբաղվեր, բայց ամեն ինչն աղավաղված է, եւ այդ անպատժելիությունը շատ վատ է ազդում մեզ վրա, դրա համար շատ բաների մարդիկ այլեւս չեն հավատում, որովհետեւ բլբլոցը շատ է, իրական ասողը՝ քիչ։ Վաղուց գործեր անելու ժամանակն է, ամեն բան կարելի է փոխել, եթե խոսքերից անցնենք գործողության ու փառահեղ երկիր կառուցենք»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031