«Սաղ ազգով Աստված պտի կանչենք, եթե էդ մարդը գա: Համ ասում եք՝ Ալիեւը Էրեւանն ա ուզում, համ ասում եք՝ Սերժ Սարգսյանը թող էթա տուն: Բա մեր վիճակն ի՞նչ է լինելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Լրագրողներից մեկը հարցրեց` Ալիեւին հակառակ է՞ Սերժ Սարգսյանը դառնալու ՀՀ վարչապետ: «Ալիեւը տուտ պրիչոմ: Որ Ալիեւը չլիներ, Սերժ Սարգսյանը պետք չէ՞ր գալու մեզ… 100 հատ ունե՞նք ըտենց: Նախագահը միջազգային հանրության առաջ ելույթ ա ունենում ըտենց ուժեղ, դուք ձեզ լավ չե՞ք զգում: Մենք լավ ղեկավար չենք սիրում, դրա համար էլ էս օրի ա էս ազգը: Մենք մեր ամենաուժեղ տղերքին, թագավորներին հայի ձեռով ենք սպանել: Լավին էլ ենք փնովում, վատին էլ: Բան արած չլիներ, գործ արած չլիներ`ես էլ ձեզ պես կասեի»,-ասաց Սեյրան Սարոյանը:
Սեյրան Սարոյանը չգիտի` Սերժ Սարգսյա՞նն է լինելու վարչապետ, թե`ոչ: Ասում է՝ կուսակցությունը չի քննարկել դեռ: «Ես, որպես հայ մարդ, ուզում եմ, որ էտ մարդը ըլնի»: Ինքը Կարեն Կարապետյանի աշխատանքը չի թերագնահատում, բայց ասում է` Ղարաբաղի հարց կա, որտեղ Սերժ Սարգսյանի միջնորդությունն է պետք:
«Ես կհամոզեմ Սերժ Սարգսյանին, որ ըլնի»,- հայտարարեց Սեյրան Սարոյանը:
Լրագրողները նկատեցին`Սերժ Սարգսյանը մինչ սահմանադրական փոփոխություններն էր ասել, որ չի ցանկանում լինել վարչապետ: Սեյրան Սարոյանը հակադարձեց. «Տղայական բազա՞ր ա: Բերնից բան հելավ`պիտի անի: Քաղաքականություն ա, կյանք ա, փոխվում ա, կրակն ընգա՞վ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ