Ս.թ. փետրվարի 28-ին Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ, հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը սումգայիթյան կոտորածների 30-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի խորհրդարանում հանդես եկան դատապարտող հայտարարությամբ, որի բնագիրը և հայերեն ոչ-պաշտոնական թարգմանության տեքստը կցվում են:
ոչ-պաշտոնական թարգմանություն
Ռումինիայի Խորհրդարան
Պատգամավորների պալատ
28 փետրվարի, 2018թ.
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ուղիղ 30 տարի առաջ, փետրվարյան այս օրերին Սովետական Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ծավալվեց մի սոսկալի ողբերգություն:
Երեք օր շարունակ խորհրդային իշխանությունների թողտվությամբ քաղաքը հրոսակեց ադրբեջանական սանձարձակ խառնամբոխը՝ դաժանագույն մահվան մատնելով համաքաղաքացի հայերին՝ կանանց, տղամարդկանց, տարեցներին ու երիտասարդներին միայն այն պատճառով, որ նրանք հայ էին: Այն պատճառով միայն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու իր ընտրյալ իշխանությունները որոշել էին խաղաղ ճանապարհով արտահայտել ինքնորոշման և ազատ ապրելու իրենց կամքն ու իրավունքը: Եվ բռնությունների ալիքը հետագա տարիներին տարածվեց դեպի Բաքու, Կիրովաբադ, Ադրբեջանի այլ հայաշատ քաղաքներ: Այդպես եղավ նաև քսաներորդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում, որտեղ 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունից և արտաքսումից հետո ոչնչացրեցին նաև հայերի դարերով ստեղծած նյութական և հոգևոր հուշարձանները: 70 տարի անց նույնն արեցին Ադրբեջանում՝ ձգտելով մաքրել հայերի հետքն իսկ: Ցավոք, այս ամենը գնալով ահագնացավ և հայատյաց կրքերից հաջողվեց խուսափել միայն Լեռնային Ղարաբաղին, որն այսօր ամրապնդում է իր չճանաչված, բայց անկախ, ժողովրդավարական, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգման սկզբունքի վրա կառուցված պետականությունը: Հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղին էլ էր սպասվում նույն ճակատագիրը, ինչ Սումգայիթի և Ադրբեջանի այլ վայրերի հայ բնակիչներին:
Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը 2018թ. փետրվարի 8-ի իր հրապարակային ելույթում Հայաստանի 2800-ամյա մայրաքաղաքը և այլ տարածքներ բացեիբաց ադրբեջանական պատմական հողեր է անվանել, իսկ դրանց գրավումը հայտարարել Ադրբեջանի քաղաքական և ռազմավարական նպատակ: Չ՞է որ դա նույն Ալիևն է, որ ազգային հերոս հռչակեց քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որն այդ քստմնելի արարքը գործեց Բուդապեշտում, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի ժամանակ:
Կարծում եմ, որ Սումգայիթի նահատակների հիշատակը կարիք ունի միջազգային ճանաչման և կարեկցանքի: Նաև կարիք կա ստեղծելու միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված այնպիսի մեխանիզմներ, որոնք կկկանխեին և կդատապարտեին այնպիսի բռնարարքները, ինչպիսիք տեղի ունեցան էթնիկ հայերի նկատմամբ Սումգայիթում, և կամ Ադրբեջանի ներկայիս քաղաքական առաջնորդների ագրեսիվ պահվածքը: