2015թ. սահմանադրական փոփոխություններով ՀՀ նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից։ Սակայն ԱԺ-ի՝ նման գործառույթի կիրարկումը կասեցված է նույն այդ սահմանադրության անցումային դրույթներով՝ ուժի մեջ մտնելով չորրորդ նախագահի լիազորությունների ստանձնման օրը։ Այդ հիմքով ՀՀ չորրորդ նախագահը պետք է ընտրվեր՝ 2005թ. ՀՀ սահմանադրական փոփոխությունների դրույթների համաձայն, եւ միայն նրա երդմնակալությունից հետո ուժի մեջ մտներ ԱԺ-ի միջոցով նոր նախագահ ընտրելու կարգը։ Իշխանության ներկայացուցիչների իրավաբանական ճամարտակություններն անհամոզիչ էին՝ փորձելով մեկնաբանել մեկնաբանության չենթարկվող Սահմանադրությունը։ Այսպիսով՝ այժմ ՀՀ չորրորդ նախագահը նույնպես ընտրվում է սահմանադրա-իրավական լրջագույն խոցելիությամբ։
Քանի որ Հայաստանում չկան վստահելի սոցհարցումներ, որպեսզի պարզորոշ ցույց տան հանրային վստահության աստիճանը նոր նախագահի նկատմամբ, ինչպես նաեւ չկա նրա թեկնածությունը ողջունող հասարակական տեսանելի շարժում, ուստի լեգիտիմության մասին ավելորդ է խոսել։ Դրա փոխարեն նոր նախագահի գլխին դամոկլյան սրի պես կրկին կախվում է սահմանադրա-իրավական խոցելիությունը։ Որքան էլ խորհրդարանական մեծամասնությունը դակի Սերժ Սարգսյանի որոշումը, այս կասկածը չի վերանալու։ Հայաստանում պետության գլուխը կրկին, արդեն երրորդ անգամ անընդմեջ, մեղադրվելու է Սահմանադրությունը խախտած լինելու մեջ։
ՀՀ չորրորդ նախագահը նույնպես կանգնած չի լինելու ամուր հողի վրա, զրկված է լինելու Սահմանադրության ու օրենքի, ինչպես նաեւ հանրության աջակցության վրա հենվելու փայլուն շնորհից, որ վայելում են լեգալ ու լեգիտիմ ճանապարհով այդ պաշտոնին բազմած նախագահները։ Կարիք չկա բացատրելու, թե պետության գլխի սահմանադրա-իրավական խոցելիությունն ու լեգիտիմության կասկածը ինչպիսի խաթարիչ նշանակություն է ունեցել Հայաստանի զարգացման համար նախորդ 20 տարիներին։ Սա ական է Հայոց պետականության ու սահմանադրականության հիմքում՝ թույլ իշխանություն ձեւավորելու, հասարակությանը պետությունից օտարելու ու լուսանցքայնացնելու, աշխարհաքաղաքական խաղերում Հայաստանը մանրադրամ դարձնելու մղումով։
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում