Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշմանդամություն ունեցողի համար ծառայությունների առանձին ծրագիր կկազմվի». նախարար

Մարտ 02,2018 11:37

ԱԺ այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա վստահեցրեց, որ ի տարբերություն գործող օրենքի՝ այս օրինագիծը ապահովելու է պայմաններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծվեն՝ լիարժեք հասարակական ինտեգրման նպատակով:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը նախարարին հարցրեց՝ մշտապես բողոքում են, որ հաշմանդամության կարգ ստանալը կոռուպցիոն ռիսկերի հետ է կապված, ի՞նչ է արվում, որ կարգ ստանալու պայմաններն արդարացի լինեն:

Նախարարը պատասխանեց. «Իսկապես, ռիսկեր ու խնդիրներ կան, լուծումներն էլ երկար ժամանակ է՝ քննարկումների փուլում են: Մեր մոտեցումները բխում են անձանց շահերից: Հնարավորինս նվազեցվել են հայեցողական լիազորությունները: Քայլեր ենք նախապատրաստել, մասնավորապես՝ փորձաքննությունների տրամաբանությունը կփոխվի»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ահազանգեց, որ հաշմանդամություն ունեցող անձինք ընտրատեղամասերի մատչելիության առումով խնդիրներ ունեն: Արտեմ Ասատրյանը վստահեցրեց. «Այս նախագծով բոլոր ուղղություններով անհրաժեշտ քայլեր են նախանշվել: Յուրաքանչյուր անձի համար ծառայությունների մատուցման առանձին ծրագիր է կազմվելու՝ ելնելով անձի անհատական կարիքներից: Շատ շենքեր չեն բավարարում չափորոշիչներին, իսկ այս նախագծով գործող շինությունը պետք է ունենա հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված խելամիտ հնարավորություններ, իսկ նոր կառուցվող շինություններն արդեն իսկ հարմարեցված են լինելու նրանց»:

Նախարարն անդրադարձավ նաեւ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակին՝ ասելով, որ այն կազմում է բնակչության թվի մոտ վեց տոկոսը: Օրինագծի քննարկումն ընդմիջվեց, քանի որ 12. 00-ին ամփոփվելու են ՀՀ նախագահի ընտրության արդյունքները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031