Վերը բերված նկարում Մեծ Բրիտանիայի «սպիտակ էջեր» ռեսուրսի Արմեն Սարգսյանին վերաբերող էջն է։ Այնտեղ նշված է, որ մեր փնտրած Armen Sarkissian անուն ազգանունով անձի տվյալները հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի ընտրողների 2002-2013 թթ. ռեգիստրից։ Armen Sarkissian-ներ ընտրողների ցուցակում էլի կան, բայց վերը նշված էջում նշված են նաեւ նրա կնոջ՝ Նունե Սարգսյանի և որդու՝Վարդան Սարգսյանի անունները։ Այլ կերպ ասած, ըստ այս փաստաթղթի, նրա անունը առկա է եղել ՄԲ ընտրողների այն ռեգիստրում, որը գործողության մեջ է եղել մինչեւ 2013 թվականը։
Մինչ այդ մամուլում եղել են փաստական տվյալներով հրապարակումներ, որ Արմեն Սարգսյանի հիմնադրած Eurasia House International-ի հարկային փաստաթղթերում մինչեւ 2014 թվականը Արմեն Սարգսյանի ազգանվան դիմաց որպես քաղաքացիություն նշվել է Մեծ Բրիտանիան։ Ընդ որում, այդ փաստաթղթերը Արմեն Սարգսյանը ստորագրել է անձամբ։
Արմեն Սարգսյանը, իհարկե, հերքում է, որ ինքը 2011 թվականից հետո եղել է ՄԲ քաղաքացի։ Ասում է, որ այդ ընկերության աշխատակիցների անփութությունն է պատճառը, ինքն էլ այդ փաստաթղթերը ստորագրել է առանց նայելու։ Տեսականորեն, իհարկե, հնարավոր է: Իսկ գործնականո՞ւմ…։
Գործնականում Արմեն Սարգսյանը ուներ, պատկերավոր ասած, մեկ հարվածով այդ հարցը օրակարգից ընդհանրապես հանելու հնարավորություն։ Դրա համար նա կարող էր ընդամենը ՄԲ համապատասխան գերատեսչությունից պաշտոնական փաստաթուղթ վերցնել, որ ինքը 2011 թվականի դեկտեմբերից այլեւս չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Այս հարցը արդեն քննարկվում է շաբաթներ շարունակ, բայց Արմեն Սարգսյանը չի ներկայացնում նման փաստաթուղթ:
Ինչ-որ բան հուշում է, որ պետական մարմինները նման փաստաթուղթ չեն ուզի։ Գուցե այն պատճառով, որ նման փաստաթուղթ Արմեն Սարգսյանին ոչ ոք չի տա, որովհետև նա 2011-ից հետո է՞լ շարունակել է լինել ՄԲ քաղաքացի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում