Խորհրդարանի այսօրվա նիստում Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի՝ ՀՀ սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում առաջադրվելու հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե մոտ մեկ ամսից Թովմասյանը փոխարինելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: «Եթե կլինեն Հրայր Թովմասյանին այդ պաշտոնում առաջադրողներ, մենք կընդունենք այդ թեկնածությունը»,-ասաց Բաղդասարյանը:
Ապա նա մեկնաբանեց Փաշինյանի պնդումը, թե ամբիոններից քննադատողներին հաջորդ օրը տեսնում են ՀՀԿ-ի «բռոշկով ման գալուց»: Բաղդասարյանը հեգնեց. «Հանրապետականները միայն «բռոշկով» չեն հանրապետական…մենք ունենք առանց «բռոշկի» ՀՀԿ-ականներ եւ ծպտյալ ՀՀԿ-ականներ»:
Հրայր Թովմասյանն էլ եզրափակիչ ելույթում Փաշինյանի ասածների մասին գնահատականներ չհնչեցրեց, բայց վստահեցրեց՝ իր կենսագրությունում չկա մի կետ, որի համար ինքը կամաչեր. «ՍԴ անդամը պետք է զսպվածություն եւ չեզոքություն ցուցաբերի, այդ պատճառով զերծ եմ մնում դիրքորոշում հայտնելուց»:
Հավելենք, որ ՍԴ անդամի քվեարկությունն ԱԺ-ում կանցկացվի այսօր՝ 13 00-14 00-ը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ