Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անվանի իտալացին առաջին անգամ ներկայացնում է հանրահայտ հայրենակցին

Մարտ 02,2018 13:45

«Առավոտի» 24.06.2014թ. համարում ներկայացրել էինք իտալացի ճանաչված դիրիժոր Պիեռ Կարլո Օրիցիոյի հետ հարցազրույցը, որում արվեստագետը հայտնել էր, թե հոր՝ դաշնակահար Ագոստինո Օրիցիոյի կողմից 1964 թվականից հիմնված «Brescia e Bergamo» դաշնամուրային փառատոնը, որը շուրջ 10 տարի ինքն է ղեկավարում, մտադրված է առաջիկայում համերգաշար նվիրել Արամ Խաչատրյանին, ով հոր մտերիմ բարեկամն էր:

Դիրիժորը կրկին Հայաստանում է: Նա այսօր կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ծրագրում՝ Չայկովսկի, Սեն Սանս, Բեռլիոզ, մենանվագով հանդես կգա նրա համերկրացի ալտահար Լուկա Ռանիերին: Ընդ որում, վերջինս ճանաչված երաժիշտ է: Միայն մեկ-երկու խոսուն փաստ. ալտահարը ժամանակին հանդես է եկել Յուրի Բաշմետի ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի հետ, ներկայացնելով Կուրտոնիի երկու ալտի եւ նվագախմբի համար գրված De Fidium Natura ստեղծագործությունը: Քանիցս էլ հանդես է եկել մեր հայրենակից՝ ամերիկաբնակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանի հետ:

Երաժիշտների հետ զրույցում Պիեռ Կարլո Օրիցիոյից հետաքրքրվեցինք, թե կատարե՞լ է Արամ Խաչատրյանին համերգաշար նվիրելու մասին խոստումը: Մեր զրուցակիցն ասաց. «Ժամանակն այնքան արագ է սլանում, բայց ես խոստմանս տերն եմ: Այն անպայման կիրականացնեմ: Վստահ եմ՝ երեւանյան հաջորդ այցիս ժամանակ հպարտորեն կբարձրաձայնեմ այդ մասին»:

 

Պիեռ Կարլո Օրիցիոն:

Թերթելով Պիեռ Կարլո Օրիցիոյի եւ Լուկա Ռանիերիի Garda Lake Music Academy Master միջոցառումների բուկլետները, նկատեցինք, որ այնտեղ դեռեւս չկան հայ երաժիշտներ, բացառությամբ Էդուարդ Թոփչյանի:

Առաջին անգամ Հայաստան այցելած Լուկա Ռանիերին, որը ժամանակին ընդունվել է Լա Սկալա թատրոնի նվագախումբ Ռիկարդո Մուտիի հրավերով, ապա համագործակցել Դանիել Բարենբոյմի, Ռիկարդո Շայիի հետ, տպավորված է մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական արվեստով: Նա նշեց, որ իր հիմնած փառատոնը ավելի շատ վարպետության դասընթացներ են, որոնց հրավիրում է իսկապես ճանաչված արվեստագետների:

Հետաքրքրությանը՝ համերգի հաջողությունը կախված է նաեւ դահլիճի ակուստիկայից, Լուկա Ռանիերին համակարծիք լինելով, նշեց. «Քիչ դահլիճներ կան, որոնց ակուստիկան կարելի է որակել հիանալի: Երեւանյան «Արամ Խաչատրյան» համերգասրահը այդ առումով վատը չէ»: Դիրիժոր Պիեռ Կարլո Օրիցիոն էլ շարունակեց ալտահարի միտքը. «Հաճախ սիմֆոնիկ նվագախմբերի հետ ելույթներ եմ ունեցել օպերային թատրոններում, որոնց ակուստիկան ի սկզբանե հաշվարկած է ներկայացումների համար: Հետեւաբար իսկապես ջանքեր են պահանջվում, որպեսզի սիմֆոնիկ երաժշտության երեկոները այդ բեմերում հավուր պատշաճի ներկայացվեն»: Հարցին, թե CD-ներ թողարկելիս ստիպված են լինում ձայնագրությունները կատարել թե համերգասրահներում եւ թե այլ բեմերում, ալտահարն ասաց, թե ինքը նախընտրում է կենդանի կատարումները, այդուհանդերձ, հաճախակի է ձայնագրվում: Իսկ դիրիժորն այս հարցում ավելի խիստ էր: Նրա խոսքերով՝ ցանկացած ստեղծագործության ձայնագրություն, երբ լսում է հաջորդ օրը, լինի դա նույնիսկ հիանալի ակուստիկա ունեցող եկեղեցում, իրեն բացարձակ չի բավարարում, բայց ոչինչ անել չի կարող, դա է իրականությունը:

Զրույցի ընթացքում փաստելով, որ մեր օրերում կարծես թե աշխարհում լավ երաժիշտների դեֆիցիտ չկա, հարցրինք՝ իրենց հաճախակի հյուրախաղերը ո՞վ է կազմակերպում: Երաժիշտներն առաջին հերթին նշեցին իրենց ընկերների, հետո միայն տարբեր գործակալությունների անունները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Լուկա Ռանիերին:

«Առավոտ»

02.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031