Խորհրդարանի այսօրվա նիստում Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի՝ ՀՀ սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում առաջադրվելու հարցի քննարկման ժամանակ կարծիք հայտնեց նաեւ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա պնդեց դաշինքի այն դիրքորոշումը, որ ՍԴ ներկայիս նախագահ Գագիկ Հարությունյանին մոտ մեկ ամիս անց փոխարինելու է հենց Հրայր Թովմասյանը:
Նա հիշատակեց՝ նախորդ նիստում Թովմասյանը հերքեց, թե եղել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր-անդամ, մինչդեռ, Փաշինյանի խոսքով. «Նա եղել է վարչության անդամ: ՀՀ դատական համակարգն էլ է այս տրամաբանությամբ աշխատում՝ եթե տնից գողություն են արել, ինքդ պետք է գողին գտնես, կապես-գցես «մեշոկի» մեջ, տանես-տաս իրավապահներին ու ապացուցես իրականությունը»:
Ապա Փաշինյանը մեջբերեց Թովմասյանի՝ 2010թ. հարցազրույցը, որում նա ասել էր, թե Մարտի մեկի գործով դատավարություններն ամոթ էին մեր երկրի համար: Փաշինյանը պատմեց. «Դրանից հինգ ամիս անց նա դառնում է Արդարադատության նախարար: Ի՞նչ եղավ դրանից հետո: Բանտերում հայտնվածների, այդ թվում՝ իմ՝ ձեր խոնարհ ծառայի, հանդեպ ապօրինություններն ավելանում են: Իմ նամակները լկտի ձեւով չէին ուղարկվում, որովհետեւ ամեն օր հոդված էի գրում թերթի համար: Իսկ Հրայր Թովմասյանն ասուլիսներով հերքում էր դա: Ինչո՞ւ էր Թովմասյանը՝ նախկինում ընդդիմադիր մարդը միացել բանտում հայտնվածների հետապնդումներին: Համոզված եմ՝ երբ նախարար էր նշանակվել, նրա ընկերներն էլ են քննադատել՝ «Հրայր, բա ամոթ չի՞, ընկնում ես այդ համակարգի մեջ»: Եթե հիմա նա չգործի վարչակարգի կանոններին համապատասխան, նրան կհանեն դուրս»:
Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց. «Նրա մոտ բնական վախ է առաջանում, կներեք, «տարած-հետ բերածի» կարգավիճակում չհայտնվել: Նա ամեն օր պետք է ապացուցի Սերժ Սարգսյանի վարչակազմի հանդեպ իր հավատարմությունը: Խնդիրը Հրայր Թովմասյանի անձը չէ, այլ այն, որ մինչեւ չանցնես Սերժ Սարգսյանի «թրի տակով», քաղաքական առաջընթաց չես ունենա…մեկին մի օր տեսնում ես ամբիոնից քննադատելուց, հաջորդ օրը ՀՀԿ-ի «բռոշկան» դոշին խփած ման է գալիս»:
Հավելենք, որ ՍԴ անդամի քվեարկությունն ԱԺ-ում կանցկացվի այսօր՝ 13 00-14 00-ը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ