Խորհրդարանի այսօրվա նիստում շարունակվեց Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի՝ ՀՀ սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում առաջադրվելու հարցը: Կարծիք արտահայտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ գովեստի խոսքեր հղելով Թովմասյանի հասցեին: «Նա պարզ, մաքուր հայկական ընտանիքի զավակ է՝ սասունցի: Ինքն է իրեն ստեղծել՝ առանց ազդեցիկ քավորի, ազդեցիկ զանգահարողի կամ ծնողների»,-ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Հրայր Թովմասյանն իր գիտելիքների եւ աշխատանքի ընթացքում դարձել է ընդունելի քաղաքական գործիչ եւ լավ իրավաբան. «Նա «էրգրից» եկած արժեքային համակարգ է կրում՝ միավորելով արեւմտյան եւ արեւելյան հայաստանները, Սասունն ու Երեւանը»:
ԱԺ փոխնախագահը պատգամավորներին կոչ արեց անկախ քաղաքական նախասիրություններից՝ քվեարկել Հրայր Թովմասյանի օգտին. «Իհարկե, կլինեն քննադատողներ: Նրանք քննադատելու են երեկ, այսօր եւ քննադատելու են վաղը: Ինչպես ասել էր Մարգարետ Թետչերը՝ եթե անգամ Հրայր Թովմասյանը ծովի վրայով քայլեր, նրան կմեղադրեին լողալ չիմանալու մեջ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ