Եթե փորձեմ ձեւակերպել, թե ինչն է մեզ՝ հայաստանցիներիս, պակասում, ապա բազմաթիվ այլ թերությունների թվում կնշեի աշխատանքային, գործնական հարաբերությունների առողջ ավանդույթների պակասը: Այդ ավանդույթները պայմանավորված չեն ազգային պատկանելությամբ, կրթական ցենզով կամ «արեւմտյան» ծագմամբ: Այստեղ՝ Երեւանում, փոքրիկ կրպակում խորտիկներ սարքող հալեպահայը տալիս է այդ մշակույթի նույնպիսի դրական օրինակ, որքան Հարվարդից ժամանած պրոֆեսորը: Ինչո՞վ են նրանք նման: Թերեւս նրանով, որ փորձում են հաղթահարել սեփական «էգոն», եւ եթե որեւէ մեկի հետ նույնիսկ ունեն ինչ-որ հակասություններ, ապա միեւնույն է՝ բոլոր դեպքերում հարաբերությունները կարողանում են տեղափոխել «չոր», գործնական դաշտ: Ենթադրում եմ, որ այդ մշակույթը երկարատեւ ու բնականոն շուկայական հարաբերությունների արդյունք է:
Մեզ մոտ դա չի ստացվում՝ մոտեցումները ավելի տղայական են, կասեի անգամ՝ «աքլորական»: Փաշինյանը տղայավարի «հագավ» Գեղամյանին, վերջինս տղայավարի «աբարոտկա տվեց» (էդ էր պակաս՝ պարտք մնար), եւ արդյունքում նրանք երկար ժամանակ, եթե ոչ հավերժ, կմնան ոչ թե քաղաքական հակառակորդներ, այլ «դուշմաններ»: Հնարավո՞ր է արդյոք նրանց միջեւ երկխոսություն: Խիստ կասկածում եմ՝ դրան շատ բան է խանգարում՝ այդ թվում երկխոսության մշակույթի բացակայությունը՝ մշակույթ, որը պարզապես հնարավոր չէ չափից դուրս վառ արտահայտված «էգո»-ի պայմաններում:
«Երկխոսություն» բառը վերջին մեկ ամսվա ընթացքում հաճախ է կրկնում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Երկխոսություն տարբեր կուսակցությունների, հասարակական տարբեր շերտերի, Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Եթե նպատակն «իրար հագնելն է» կամ տղայավարի «աքլորանալը», ապա, բնականաբար, ոչ մի երկխոսություն չի ստացվի: Ավելին՝ եթե նպատակն ամեն գնով ճիշտ դուրս գալն է ու վեճում «վերջին խոսքն» ասելը, ապա դրանից նույնպես ոչ մի բան չի ստացվի:
Նոր Սահմանադրությամբ նախագահի գլխավոր գործառույթներից մեկը, որքան հասկանում եմ, նման երկխոսությունների համար պայմաններ ստեղծելն է: Նախագահը ոչ մի կուսակցություն, ոչ մի քաղաքական հոսանք, ոչ մի արտաքին «կողմնորոշում» չի ներկայացնում, եւ դրա շնորհիվ հնարավորություն ունի բոլորի հետ շփման «դուռը բաց պահելու»՝ անկախ այն հանգամանքից, որ շատերին ձեռնտու է այդ դուռը ամեն վայրկյան «շրխկացնելը»:
Արդյոք դա կհաջողվի՞ Արմեն Սարգսյանին՝ չեմ կարող ասել: Բայց որոշակի հույսեր է ներշնչում այն, որ նա ներկայացնում է այն մշակույթը, որի մասին քիչ առաջ էի խոսում: Երեկ պատգամավորների հետ շփման ոճը դա կարծես թե հաստատում է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթե Արմեն Սարգսյանի երկխոսությունները լինելու են նույն ոճի մեջ, ինչ նրա «փաստարկներն» էին ի պատասխան Փաշինյանի, իր քաղաքացիության հետ կապված հարցին, ապա ես երևի ավելի շուտ կնախընտրեի տղայականը։ Վերջինս գոնե ենթադրում է ասածի կոնկրետ իմաստ (ոչ թե բառակույտ) ու պատասխանատվություն սեփական խոսքերի համար։
Հիմար հրամանատարի պատճառով զոհվում են զինվորները:
Կատարողական գործակալության («գործադիր մարմնի») հիմար ծառայողի պատճառով կործանվում է ազգաբնակչությունը:
Դա է ՀՀ «հանդուրժողական» մշակույթը՝.
– «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ:»
– «Մի՛ հակառակվիր քեզ չարիք անողին: Եթե մեկը քո աջ երեսին ապտակ տա, մյուս երեսդ էլ դարձրո՛ւ նրան»:
– Դուրս հանեք տաճարում առևտուր անողներին (մոմեր վաճառողներին), շուռ տվեք լումայափոխների (chang-երի) սեղանները եւ կդառնաք «շեֆ-պապայի» ժառանգորդ:
Ներշնչեք հույսեր…
Գիտեք ինձ թվում է այստեղ պրոբլեմն ավելի խոր արմատներ ունի: Մարդկային հարաբերություններում առաջին ու ամենակարևոր հատկությունը, որ կրթում են արևմտյան զարգացած հասարակության մեջ դա հարգանքն է: Երբ երեխայիդ տանում ես մանկապարտեզ կամ դպրոց, առաջին ու ամենակարևոր կրթությունը որ ստանում է դա այս արտահայտությունն է: ‘ Դու կարող ես չսիրել դիմացինիդ, կարող ես նույնիսկ ատել այդ մարդուն, բայց ՀԱՐԳԵԼ ՊԱՐՏԱՎՈՐ ես: Այս արտահայտությունը դու լսում ես քո ամբողջ կյանքում ու բոլոր մնացած հարաբերությունները հիմնվում են այս հիմքի վրա, որի անունն է ՀԱՐԳԱՆՔ:
Հիմա կարող՞ եք պատկերացնել հայկական իրականության մեջ հարգանքի դրսևորում, նույնիսկ ծիծաղելի է հնչում շատերի համար այս արտահայտությունը…. Միակ արտահայտությունը, որ երբևէ լսել եմ հայ կրթական համակարգում դա եղել է: հարգել մեծերին ու ծնողներիդ և գուցե թէ մոտիկ մարդկանց, մնացածն արդեն կարևոր չեն: Կարծում եմ արժեքների տարբերությունը բացահայտ է?
Սրանք լուրջ քաղաքական ուժեր չեն, քանի դեռ չունեն հստակ բոլոր քաղաքական ուժերի կողմից միաձայն ընդունված մի ընդհանուր ազգային ռազմավարություն, մի քաղաքական սպայակույտ, որը տասնյակ տարիների ծրագիր պետք է հաստատի: Կարծում եմ, ժամանակն է հայտարարել ողջ հայության ռազմական, գիտական, մշակութային ու տնտեսական մտավորականության զորահավաք, որի իմաստը պետք է լինի բոլոր այս ռազմավարական բնագավառներում քանակական ու որակական սրընթաց աճը, որը կարելի է ապահովել միայն ապագա պատերազմին հաջողությամբ նախապատրաստվելով եւ պատերազմում հաղթանակի արդյունքով:
երխոսությունը հնարավոր է միայն դիմացինի հետ հավասարը՝ հավասարի պես ու նույն նպատակին, ոչ թե սեփական ագահությանը հասնելու ցանկության, խաբեբայության կամ ուժի դիրքերից խոսելու դեպքում, այլապես անիմաստ է այդ երկխոսությունը