Լրահոս
Օրվա լրահոսը

Փառանձեմ Մեյթիխանյան. ամբաստանյալներից մեկը, ուղղակի աչքերիս մեջ նայելով, սպառնաց՝ դատաքննությունը կավարտվի, դու քո հալը կտեսնես. «Հրապարակ»

Մարտ 02,2018 10:09

Մոտ մեկ տարի առաջ Նուբարաշենում դաժանաբար ծեծի ենթարկվեց եւ սպանվեց Եղիշե Խաչատրյանը՝ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինը։ Գործով 5 անձի մեղադրանք առաջադրվեց, 4 հոգի կալանավորված է, ամիսներ շարունակ դատաքննություն է ընթանում, որի ժամանակ ամբաստանյալներն ու նրանց հարազատները ճնշումներ են գործադրում տուժողի իրավահաջորդների եւ դատարանի նկատմամբ։

-Ծանր ողբերգությունից 1 տարի 8 ամիս է անցել: Ինչպե՞ս եք զգում Ձեզ, ինչպե՞ս հաղթահարեցիք կորստի ցավը, եթե, իհարկե, հաղթահարել եք։

-Ապրում եմ, ապրում ենք… Լավ ընտանիք ասվածն այսպիսի պահերի է դրսեւորվում: Լավ զավակներ, հոգատար սկեսուր, ում աղջիկս դեռ փոքր հասակից «մայրիկ» է ասում: Մի խոսքով՝ առողջ մարդկային հարաբերություններ: Ավագ որդիս հոր գործն է անում, կրտսերս խորանում է ծրագրավորման մեջ, աղջիկս իսպաներենի լավ մասնագետ է, դասավանդում է պետհամալսարանում: Դե իսկ ես… Ապրում եմ, թող զարմանալի չթվա, երկնքի ու երկրի միջակայքում: Երկնայինը Եղիշեն է արդեն, որ ամեն պահ ինձ հետ է, երկրայինը՝ իմ համալսարանական կյանքը՝ դասեր, գիտական աշխատանք, ընտանեկան առօրյա, հոգսեր: Իսկ այդ ամենին ավելացել է եւս մեկը՝ գյուղական գործերում որդուս օգնելը:

Ի դեպ՝ երկնայինի մասին: Իմ կյանքի որոշակի փուլում շատ էի ռոմանտիկ, իսկ Եղիշեն դա համարում էր իմ ամենաթույլ կողմը: Անգամ հիշում եմ՝ բանաստեղծություն գրեցի․

Ասում ես՝ երկնքից իջի՛ր,

Տարիքդ էլ այն չէ բնավ,

Աստղերը երկնքում են փայլում,

Մոռացի՛ր աստղերը, իջի՛ր վար…

Իր դաժան մահը վերջ տվեց ամեն մի հեքիաթի ու երազի, իսկ երկնքում, համոզված եմ, ինքն է ու իր նման անմեղ զոհերը:

Իմ պարագայում կորստի ցավը երբեք չի կարող մեղմանալ: Միգուցե… եթե մայրը ներկա չլիներ, այսքան ցավագին չլիներ մեզ համար: Միգուցե… Եթե կարողանայի գոնե մի պահ մոռանալ դեպքի վայրում սկեսուրիս «կինը չեմ, մա՜յրն եմ, մա՜յրը» բղավոցները: Միգուցե… եթե ամբաստանյալներն ու նրանց հարազատները նման վարքագիծ չդրսեւորեին ու հարգեին մեր վիշտը: Ի դեպ, դատարանում հերթական խառնաշփոթի ժամանակ ամբաստանյալներից մեկը, ուղղակի աչքերիս մեջ նայելով, սպառնաց՝ դատաքննությունը կավարտվի, դու քո հալը կտեսնես, մյուսը բարձրաձայն, ի լուր բոլորի՝ գյուլելու եմ, բոլորիդ գյուլելու եմ:

Մի կողմ դնեմ «լավ որդի», «լավ ամուսին», «լավ հայր», «լավ եղբայր», «լավ ընկեր ու հարեւան» բնութագրիչները: Երազում էինք միասին ծերանալ, չթողին…

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031