Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, թե Քոչարյանը շատ կուզեր, որ Ղարաբաղը դուրս մնար այդ ձեւաչափից»

Մարտ 02,2018 14:30

Ասում է Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը

Երբ խոսում են Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, ընդդիմադիրները, որպես մեր սխալներից մեկը նշում են այն, որ Արցախը բանակցությունների սեղանից դուրս մնաց: Եվ դրանում, օրինակ, ՀԱԿ-ը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին: ՀԱԿ անդամները վստահեցնում են, որ Քոչարյանը, համարելով, որ ինքը երկուսը մեկում է, այսինքն՝ ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ ՀՀ-ն է ներկայացնում, այդ սխալը թույլ տվեց: «Առավոտը» Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանին հարցրեց՝ Դուք դա մեր սխա՞լն եք համարում, թե՞ չէ, եւ Ռոբերտ Քոչարյանը դրանում մեղավոր չէ՞ր: Տիկին Մխիթարյանը պատասխանեց. «Աշխարհաքաղաքական գերտերությունների խաղերի մեջ մենք, իրոք, փոքր սուբյեկտ ենք, եւ մեկ մարդու մեղադրել այս կամ այն քաղաքական իրադարձության համար, կարծում եմ՝ միամտություն կլինի: Այն իրոք շատ վատ անդրադարձ ունեցավ, որ Ղարաբաղն այդ ձեւաչափում մասնակից չէ, բայց այն վերագրել մեկ անձի՝ միամտություն է»:

Մենք ճշտեցինք՝ ուրեմն այդտեղ Քոչարյանը մեղավոր չէ՞ր, Արզիկ Մխիթարյանը պատասխանեց. «Իհարկե: Կան երեւույթներ, որոնք Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի համար միայն մեր կամքի արտահայտությունը չեն, կան գերուժեր, որոնք կարգավորում են այդ քաղաքական գործընթացները: Հավանաբար այդ գործընթացներում որոշակի մութ խաղերի արդյունքում կատարվեց նաեւ այդ իրողությունը: Չեմ կարծում, թե Քոչարյանը շատ կուզեր, որ Ղարաբաղը դուրս մնար այդ ձեւաչափից: Որեւէ մի նորմալ մարդ չէր կարող նման քայլի գնալ: Հանուն ինչի՞, եկեք հասկանանք: Հանուն ինչի՞ պետք է գնար այդ քայլերին»:

Մեր դիտարկմանը, որ Քոչարյանը ոչ թե դիտավորյալ է այդպես արել, այլ իր սխալի արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ Արզիկ Մխիթարյանը պատասխանեց. «Սխալը բոլորիս է հատուկ, սխալական լինելը մարդկային է, եւ պետք է ընկալելի համարել: Եթե ինչ-որ բան ինչ-որ մի տեղ այնպես չի կատարել, հավանաբար ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղ ճիշտ չի վարվել»:

Իլհամ Ալիեւը իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարում հայտարարել էր, թե Երեւանն իբր իրենց պատմական հողն է, ու ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողերը։

Թե որն է Արցախի պատասխանը Ալիեւին՝ Արզիկ Մխիթարյանը պատասխանեց. «Մեր արձագանքը, իհարկե, նույն ցածր մակարդակի ռազմատենչ հայտարարությունները չեն, չնայած Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ ցանկացած ոտնձգություն անպատճառ դեմ է առնելու հակահարձակման: Դա ապացուցեց նաեւ ապրիլը, դա ապացուցել է 91-94-ի պատերազմը, դա ապացուցել են մեր 6000 զոհյալները, որոնք նահատակվեցին՝ ապացուցելով ռազմական դոկտրինայի այբուբենը, որ իմ առավելությունն այն է, որ ես գերազանցում եմ իմ հակառակորդին նահատակվելու իմ պատրաստակամությամբ: Այսօր Արցախի ժողովուրդը պատրաստ է նահատակվելու՝ հանուն ազատության: Սա է մեր պատասխանը նրանց»:

Արզիկ Մխիթարյանը համաձայն է այն խոսքերի հետ, որ ղարաբաղցիները «ոգու իմպերիա» ունեն. «Իրոք, ոգին է, որ կարող է հաղթանակ բերել, ոչ միայն թնդանոթը: Եվ ես հաստատուն կերպով կասեմ՝ Ղարաբաղը հետ է բերել ոչ միայն թնդանոթը, այլ նաեւ մեր տղաների ոգին»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

01.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031