Արամ Մանուկյանը պատմում է, թե ինչ պայմանով
Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստան բերեց Ռոբերտ Քոչարյանին
«Արմեն Սարգսյանը, որպես կադր, լավն է, բայց Կարեն Կարապետյանը վա՞տ տղա է: Տիգրան Սարգսյանը, որին տարիներ գիտեմ, նորմալ է եղել: Ժամանակն է մարդուն ոչնչացնում, Ռոբերտ Քոչարյանի հետ տարիներ ընկերություն եմ արել, հետո՞: Այն ժամանակ ինքը պաշտոն չուներ, փող չուներ, նորմալ մարդ էր: Հենց ընկնում է պրեսի տակ, հենց փողի համը տեսնում է, հենց կրակելը ադրենալին է բերում՝ մարդը փչանում է»,- ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում այսպես ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ փորձելով ցույց տալ, որ որքան էլ լավ կադր բերի Սերժ Սարգսյանը, այս համակարգում նա փչանալու է:
Մեր դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ Քոչարյանին բերեց, ճիշտ է, հետո ներողություն խնդրեց դրա համար, բայց նա է, չէ՞ բերել Քոչարյանին, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Հիմա ասեմ՝ ինչու: Ասում էր՝ Ռոբերտ ջան, այդքան որ պահանջում ես Ղարաբաղի համար, սաղ տվինք քեզ, արի դու տվողը եղիր, դու տուր, ինչ կա: Արի դարձիր Հայաստանի վարչապետ: Մենք քանի անգամ կառավարության նիստ ենք արել Ղարաբաղում, օրիգինալ էր, գնում էինք այնտեղ, հավաքվում էինք, Ղարաբաղի բոլոր մինիստրներն ասում էին՝ ինձ 100 հատ կով, ինձ 5 հատ ավտո, ինձ 4 հատ շտապօգնության մեքենա… Հրանտը Բագրատյան ասում էր՝ ով ինչ ասում է, գրեք տվեք: 5 օր հետո զեկուցում էինք՝ 5 հատ ավտոն գնաց, սա գնաց, այսինքն՝ ըստ պահանջի Ղարաբաղը պատերազմի ժամանակ ապրում էր, եւ դա մեր քաղաքականությունն էր, այդպես պետք է լիներ: Հետո որ շատ-շատ ճնշեցին, այստեղ արդեն սով, ցուրտ, էլ չեն դիմանում, Լեւոնն ասաց՝ այ ախպեր ջան, էդ որ դու այդտեղից կպահանջես, արի ստեղ նստիր, քեզնից քո ընկերները ինչ կպահանջեն, այն էլ կտանես կտաս:
Այդպես էլ եղավ: Բայց Լեւոնը Ռոբին ասել էր՝ դու կգաս, բայց հետդ մարդ չես բերելու: Ասել էր՝ հա, ոչ մի մարդ չեմ բերելու: Մի շատ կարճ ժամանակ հետո ասաց՝ պարոն նախագահ, բա մի երեք հոգի գոնե չլինե՞ն, որ վստահելի լինեն՝ հարկայինը, մաքսայինը, ֆինանսականը… ինձ չխաբեն, թույլ տուր մի քանի հոգի բերեմ: Մի քանի հոգի բերեց, հետո այդ մի քանի հոգին բերեց ուրիշ մի քանի հոգու, ու տենց եկա՜ն, հետո այդ համեստ Ռոբերտը Քոչարյան, որի հետ ընկերություն եմ արել գիշեր ու ցերեկ երկար, շատ, տեսա դառավ եսիմ ինչ»:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
01.03.2018