Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանն ու Զանգեզուրը «գրավելու»՝ Ալիեւի սպառնալիքն ու միջնորդների «օպերատիվությունը»

Մարտ 02,2018 12:00

«Կողմերին» ուղղված ավանդական «հավասարակշռված» կոչերի հետեւանքը

Նախանձելի «օպերատիվությամբ» արձագանքեցին Ալիեւի սպառնալիքներին ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետությունները. Ռուսաստանը՝ մեկ շաբաթ անց, Ֆրանսիան՝ 12 օր անց, իսկ Միացյալ Նահանգները՝ 19 օր անց:

Հիշեցնենք, փետրվարի 8-ին, ելույթ ունենալով Ադրբեջանի «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում, Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Երեւանը, Զանգեզուրը «մեր պատմական տարածքներն են», եւ «ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողեր»: «Դա մեր ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք»,- ասել էր Ադրբեջանի նախագահը:

Ալիեւի նշյալ հայտարարությունից միայն 3 օր անց ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարություն տարածեցին, որում ամփոփում էին իրենց տարածաշրջանային այցը եւ դրանում նաեւ անդրադարձան Ալիեւի սպառնալիքներին, այն էլ՝ ոչ հասցեական, նշելով հետեւյալը. «…Շփման գծում օրերս զոհ է եղել, եւ կոչ ենք անում կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ՝ համաձայն Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածության, հարգել զինադադարն ու ձեռնպահ մնալ հրահրող հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից»: Համանախագահները նաեւ ողջունել էին կողմերի մտադրությունը՝ շարունակել ինտենսիվ բանակցությունները՝ «հաշվի առնելով ներկա ընտրական ժամանակաշրջանը»:

Մոսկվայի մոտեցումն էլ պակաս հետաքրքրական չէր: Փետրվարի 15-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Մարիա Զախարովայի մակարդակով Ռուսաստանն անդրադարձավ այս թեմային: Կարելի է ենթադրել, որ եթե ԼՂ խնդրի առնչությամբ Զախարովային հարց չուղղվեր, Մոսկվան առանձին չէ՞ր անդրադառնալու Ալիեւի կողմից Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու հայտարարությանը:

Ռուսաստանը հույս ունի, որ Ղարաբաղյան հակամարտությունը կստանա իր լուծումը՝ ճեպազրույցում ասել էր Մարիա Զախարովան: Հարցին, թե Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե Երեւանը, եւ ոչ միայն, «բուն ադրբեջանական տարածք է, եւ պատմական հողերը վերադարձնելը Ադրբեջանի ռազմավարական նպատակն է», Զախարովան նշել էր. «Մոսկվայում, անշուշտ, տեսել են իշխող կուսակցության համագումարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթի մասին հաղորդագրությունները: Հիանալի գիտենք, որ հարեւան Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Հիշատակված հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը»:

Անկախ համանախագահների հորդորից եւ ՌԴ ԱԳՆ-ի գնահատականից՝ Բաքուն, սակայն, շարունակեց նույն ոգով ռազմատենչ հայտարարությունների շարքը: Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում կանգնած են իրար դիմաց, եւ չի բացառվում, որ ռազմական գործողությունները վերսկսվեն ցանկացած պահի՝ ասաց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Եվ այստեղ կարեւորն այն է, թե ո՞ւմ հետ բանակցությունների արդյունքում սա հայտարարվեց. Եվրամիության՝ Հարավային Կովկասի եւ Վրաստանի հարցերով հատուկ բանագնաց Թոյվո Քլաարի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպումից հետո: «ԼՂ հակամարտության միջադեպերի քննությամբ զբաղվելու փոխարեն՝ լավ կլիներ, որ միջազգային կառույցները, հակամարտության լուծման համար ջանքեր գործադրելով, զբաղվեին նաեւ դրա առաջացման առանցքային պատճառները վերացնելու գործով»,- նշել էր Հասանովը:

Ալիեւի՝ փետրվարի 8-ի հայտարարությունից 12 անց ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի արձագանքը հրապարակվեց: Ի պատասխան հարցին՝ ինչպիսին է պաշտոնական Փարիզի դիրքորոշումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի փետրվարի 8-ին արած հայտարարությունների առնչությամբ, թե, մասնավորապես, Երեւանը եւ Զանգեզուրը իրենց «պատմական տարածքներն են», եւ ադրբեջանցիները «պետք է վերադառնան այդ պատմական հողը», Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր կայքում հրապարակած հաղորդագրությունում կոչ արեց հակամարտության կողմերին բարեխղճորեն աշխատել բանակցություններով լուծում գտնելու ուղղությամբ՝ «հատկապես զերծ մնալով ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը»:

Դե իսկ պաշտոնական Վաշինգտոնին կարելի է «ռեկորդակիր» համարել «օպերատիվության» տեսանկյունից: Փետրվարի 27-ին՝ Ալիեւի հայտարարությունից 19 օր անց, «Ազատություն» ռ/կ-ի հարցմանն ի պատասխան, թե պաշտոնական Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի Իլհամ Ալիեւի աղմկահարույց հայտարարության կապակցությամբ, ԱՄՆ պետքարտուղարությունից պատասխանել էին. «Միացյալ Նահանգները պաշտպանում է Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 11-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ էր արվում զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից:

Միացյալ Նահանգները նաեւ խրախուսում է կողմերին՝ հարգել 2017-ի հոկտեմբերին Ժնեւում կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները` բանակցությունների աշխուժացման ու շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ»:

Ալիեւի, ապա Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարություններին հաջորդած «կողմերին» ուղղված ավանդական «հավասարակշռված» հայտարարությունները թե ինչ արդյունք տվեցին ու կտան մոտ ապագայում՝ ցույց կտա ժամանակը:

Բայց քիչ ժամանակ անց էլ ակնհայտ երեւում է Բաքվի կեցվածքը: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող պետությունների համատեղ եւ առանձին հայտարարություններից հետո Բաքուն թեթեւակիորեն նշեց, թե պատրաստակամ են ակտիվորեն շարունակելու բանակցային գործընթացը: Օրերս Ժնեւում ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը նշել է, թե պաշտոնական Բաքուն երկու երկրներում նախագահական ընտրություններից հետո չի բացառում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով. «Երբ մենք վերջին անգամ խոսեցինք համանախագահների հետ, հաշվի առանք նախընտրական տրամադրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում եւ պայմանավորվեցինք վերադառնալ քննարկումներին, երբ ընտրությունների այս հուզական ֆոնը ավարտվի: Կան հետաքրքիր գաղափարներ եւ մշակումներ, որոնք արդեն քննարկվել են Կրակովում եւ Վիեննայում կայացած նախարարների հանդիպումների ժամանակ: Այնպես որ, մենք լի ենք բանակցային գործընթացն ակտիվորեն շարունակելու եռանդով եւ ցանկությամբ, ինչին մեզ կոչ են անում համանախագահները՝ խոսելով բանակցությունների ակտիվացման մասին»:

Ավելին՝ Մամեդյարովն ընդգծել էր, թե Բաքվի համար այս պահին Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման այլընտրանք չկա: «Քանի դեռ դիվանագետները չեն հոգնել, մենք պետք է էլ ավելի ինտենսիվացնենք այս գործընթացը… Մենք համագործակցության միջոցով եք ցանկանում հասնել բոլոր խնդիրների լուծմանը»,- հավելել է նա։

Այս հայտարարությանը զուգահեռ, սակայն, Բաքվից օրերս հնչել է հերթական ռազմատենչ, սպառնալիքներով հայտարարությունը: Փետրվարի 27-ին Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը սպառնացել է «կարճ ժամանակում ազատել ադրբեջանական հողերը օկուպացումից»: Ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսի արտահերթ նիստում ելույթ ունենալիս Հասանովը նշել է, որ ադրբեջանական բանակն իր հագեցվածությամբ պատրաստ է կատարել իր առջեւ դրված ցանկացած առաջադրանք. «Եթե այսօր մեզ չխանգարեն, կամ մենք գանք եզրակացության, որ հայերը չեն ազատի ադրբեջանական հողերը, կարճ ժամանակում՝ մեկ շաբաթում, մեկ ամսում, մենք ի վիճակի ենք ազատել մեր հողերն օկուպացումից»:

Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնող, եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպմանը պատերազմի վերսկսման սպառնալիքներ հնչեցնող, «մեկ շաբաթում, մեկ ամսում Ղարաբաղը վերադարձնող» Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին զուգահեռ նրանց կեղծ հավաստիացումները, թե իբր պատրաստ են «ինտենսիվ բանակցություններ» շարունակել ու «քաղաքական կարգավորման հասնել», արդյոք միջնորդ պետությունների եւ խաղաղության ջատագով կառույցների «հավասարակշռված» ու «կողմերին» ուղղված ավանդական հայտարարությունների արդյունքը չէ՞:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 01.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031