Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատմությունը պտտվում է գիտնականների դեմ. 70-ամյակի կանոնը

Մարտ 02,2018 13:30

Հարցազրույց ԵՊՀ դասախոս,
տնտեսագիտության թեկնածու Ժիրայր Մխիթարյանի հետ

– Որպես երիտասարդ դասախոս, ի՞նչ կարծիք ունեք «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում տեղ գտած այն սահմանափակման վերաբերյալ, ըստ որի՝ 70 տարին լրացած անձին արգելվում է մասնակցել գիտամանկավարժական պաշտոնների մրցույթին:

– Լինելով 24-ամյա երիտասարդ դասախոս` խիստ բացասաբար եմ մոտենում պետության անունից նման նախաձեռնություններով հանդես գալու փաստին` մանավանդ, երբ դրանք «հիմնավորվում» են երիտասարդների շահերով։ Ծանոթանալով օրենքի նախագծում տեղ գտած տվյալ դրույթին, տպավորություն է ստեղծվում, որ պատմության անիվը պտտվում է գիտամանկավարժական գործի նվիրյալների դեմ, որոնք տարիներ շարունակ իրենց մաշելով կենսական ավյուն են հաղորդել գիտակրթական համակարգին։ Հաջորդ տարի լրանում է Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը: Այդ մեկ դարը լի է եղել թե՛ մեծ հաջողություններով, թե՛ մեծ փորձություններով: Փորձություններից մեծագույնները երկուսն էին՝ առաջինը Համալսարանի հիմնադրման շրջանն էր, երկրորդը՝ 90-ականները: 1919թ. իրականացավ հայ ժողովրդի վաղեմի երազանքներից մեկը, որն ամենայն հայոց բանաստեղծը տարիներ առաջ ձեւակերպել էր հետեւյալ կերպ. «մեր մանր ու մեծ ճրագների մեջտեղը պետք է վառել մի մեծ ջահ՝ Հայկական Համալսարան»: Ջահն իսկապես վառվեց, հիմնադրվեց Համալսարանը: Իսկ ովքե՞ր պետք է լինեին ջահակիրները մի երկրում, որի 85%-ն անգրագետ, անգրաճանաչ էր, բարձրագույն կրթություն ունեցող անձինք՝ մի քանի տասնյակ, ամենուր տիրում էր սով, համաճարակներ, պետականության գոյությունը մազից էր կախված: Եվ ահա հայտնվեցին ջահակիրները: Դրանք մեծ նվիրյալներ էին, ովքեր թողեցին եվրոպական համալսարանների բարձր ամբիոնները, պաշտոնները, եկան հայրենիք եւ լծվեցին Հայաստանում բարձրագույն կրթական համակարգի ստեղծման գործին, համակարգ, որը դարձավ դարբնոցը հայոց պետականաշինության:

Սակայն շուրջ երկու տասնամյակ անց այդ նվիրյալներից շատերը տարատեսակ հիմնավորումներով, գործող «օրենքների» հիման վրա կայացված վճիռներով, դատապարտվեցին աքսորի եւ այլ զրկանքների, զրկվեցին իրենց պաշտոն-առաքելությունից՝ գիտամանկավարժական գործունեություն ծավալելու իրավունքից: Ինչպես ցանկացած հակատրամաբանական որոշում, այդ որոշումները եւս չդիմացան ժամանակի ուժին։ Այդ անձանցից շատերը հետմահու, ոմանք՝ կյանքի ընթացքում արդարացվեցին, սակայն պատճառված վնասը հսկայաչափ էր։ Մարդիկ, որոնք պետք է արժանանային պետության խոնարհումին, արժանացան հնարավոր ամենաանպատվաբեր վերաբերմունքին։

Տեղափոխվենք 90-ականներ՝ համալսարանի, ողջ գիտակրթական համակարգի եւ ընդհանրապես Հայաստանի տարեգրության բարդագույն շրջաններից մեկը, երբ գիտնականը, պրոֆեսորը սոցիալական աստիճանասանդուղքի ամենավերին դիրքերից իջեցվեց ստորին դիրքեր՝ ստիպված լինելով ծավալել գիտամանկավարժական գործունեություն 3000 դրամ ամսական աշխատավարձով, ցրտի պայմաններում սերունդ կրթել, մոմի եւ նավթի ճրագի ներքո դասապատրաստում իրականացնել, դասագրքեր կազմել, գիտությամբ զբաղվել։

Սկսվեց զանգվածային արտահոսք համակարգից։ Թվում էր, թե դարեր շարունակ երազած ջահը կարող է մարել։ Բայց չմարեց եւ կրկին մեծ նվիրյալների՝ ջահակիրների նոր սերնդի կողմից, ովքեր այսօր՝ երկու-երեք տասնամյակ անց, հայտնվել են օրենքի նախագծով սահմանված 70-ամյակի տիրույթում։ Եվս մեկ անգամ հիրավի նվիրյալները պետության խոնարհումին արժանանալու փոխարեն, կանգնած են պետության կողմից ես կասեի ռեպրեսիվ գործողությունների ենթարկվելու փորձի առջեւ՝ արժանանալով ամենաանարժանապատիվ վերաբերմունքին՝ զրկվելով ընտրվելու բնական իրավունքից։ Նման մոտեցումն անթույլատրելի է նախեւառաջ այն պատճառով, որ դա հստակ ազդակ կարող է դառնալ՝ ուղղված բոլորին, այդ թվում՝ երիտասարդներին, որ նման խտրական մոտեցումները շարունակաբար կրկնվելու են՝ բացառելով նվիրումը Հայաստանում գիտակրթական ոլորտի հանդեպ, որը հաճախ այս ոլորտում աշխատանքի հիմնական մոտիվացիան է։ ՀՀ գիտակրթական համակարգն իսկապես ունի խորքային խնդիրներ, բայց դրանց լուծումներն ամենեւին էլ նման պարզունակ լուծումների դաշտում չեն։

– Իսկ ո՞րն է Հայաստանում գիտության խնդիրների հիմնական պատճառը:

– Հիմնական պատճառը գիտության արդյունքների չպահանջարկվածությունն է հասարակության եւ տնտեսության կողմից։ Եթե երբեմնի հզոր գիտաճյուղը՝ քիմիայի ոլորտն այսօր նման վիճակում է գտնվում, երբ Համալսարանի քիմիայի ֆակուլտետը վերանվանվում է դեղագործության եւ քիմիայի ֆակուլտետի՝ փորձելով գոյությունը պահպանել դեղագործության ճյուղի քողի ներքո, ապա դա ամենեւին էլ այն պատճառով չէ, որ տարիքային ցենզ չի գործում տվյալ ոլորտում կամ սահմանելու դեպքում քիմիական գիտությունը կսկսի ծաղկել։ Պատճառն այն է, որ դեռեւս 90-ականների սկզբներից ոչնչացվեց քիմիական արդյունաբերությունը եւ այն դադարեց պահանջարկ ներկայացնել գիտական արդյունքների եւ կադրերի նկատմամբ։

Գիտության խնդիրների լուծումը պետք է փնտրել համալիր ամբողջականության մեջ, այլ ոչ թե այնպիսի պարզունակ լուծումների համատեքստում, ինչպիսիք են՝ տարիքային սահմանափակումները, միաստիճան աստիճանաշնորհման համակարգին անցումը, ԲՈՀ-ի վերացումը, մասնագիտության դոկտոր արհեստածին ինստիտուտը եւ նմանատիպ այլ լուծումներ, որոնք վերջին ժամանակներս անընդհատ հրապարակ են նետվում։ Դրանք ոչ միայն որեւէ առաջընթաց չեն կարող ապահովել, այլեւ՝ կարող են քանդել եղածը՝ չստեղծելով նորը։ Երիտասարդների շահերի ոտնահարման բոլոր դեպքերը պետք է պատշաճ կերպով քննվեն եւ լուծվեն տարատեսակ եղանակներով, օրինակ՝ ներբուհական ինստիտուցիոնալ մեխանիզմների ձեւավորման, մրցութային հանձնաժողովների արդյունավետ գործունեության ապահովման, ատեստավորման ճանապարհով, բայց ոչ երբեք 70-ն անց վաստակաշատ անձանց մրցակցային ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու ճանապարհով։

 

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

01.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031