Վերջին շրջանում կրթության ոլորտում մի շարք համատեղ ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ արտասահմանյան կազմակերպությունների հետ: Նման գործընթացները խթանում են ուսանողների, երիտասարդ մասնագետների առաջխաղացմանը:
«Առավոտի» հետ զրույցում օրերս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանն առանց մանրամասնելու հայտնել էր, որ բուհը ընդգրկված է նմանատիպ մի ծրագրում: Հանդիպեցինք այդ բուհի կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար, արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Նարինե Ավետիսյանին, որին խնդրեցինք ներկայացնել այդ ծրագիրը:
«Փետրվարի 19-23-ը «Էրազմուս պլյուս» Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման գործողությունների շրջանակներում «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության եւ մարքեթինգի խթանում» ծրագրով 25 մասնակիցներ կոնսերվատորիայից, Աբովյանի անվան պետական մանկավարժական, Հայաստանի Ամերիկյան, Շիրակի պետական, Վանաձորի պետական համալսարաններից, Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունից ու Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից վերապատրաստվեցին Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանում,- հայտնեց Նարինե Ավետիսյանն ու հավելեց,- նպատակն էր զարգացնել միջազգային ռազմավարության պլանի մշակման կարողություններն ու հմտությունները: Մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց սովորել միջազգայնացման ռազմավարության պլանի մշակման մեխանիզմները, ընթացակարգը եւ մեթոդները միջազգայնացման տեսանկյունից»:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ վերապատրաստումից հետո ի՞նչ աշխատանքներ են տարվելու կոնկրետ կոնսերվատորիայում: «Ծրագրի մասնակիցները պետք է աշխատեն իրենց բուհն ավելի գրավիչ դարձնել միջազգային ասպարեզում: Այն տեղեկատվությունը եւ այն գիտելիքները, ինչը ձեռք է բերվել, կփոխանցենք մեր գործընկերներին: Կոնկրետ կոնսերվատորիայի դեպքում, կրկնում եմ՝ պետք է մեր կատարողական արվեստը դրսում ներկայացնել հավուր պատշաճի, որպեսզի արտասահմանցի դիմորդների թիվը ավելանա Հայաստանում, ինչը փորձի փոխանակման լայն հնարավորություններ կընձեռի երիտասարդներին, ինչպես նաեւ պրոֆեսորադասախոսական կազմին»,- ասաց երաժշտագետը:
Ռեպլիկին՝ այսպես թե այնպես, Երեւանի կոնսերվատորիայի համբավը վաղուց է հայտնի աշխարհին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր ուսանողները շարունակում են ուսումը հեղինակավոր այլ երաժշտական հաստատություններում, հանդես գալիս ճանաչված տարբեր նվագախմբերի հետ հայտնի սրահներում, մեծանուն դիրիժորների ղեկավարությամբ, ունենում մենահամերգներ… Էլ չեմ խոսում այն փաստի մասին, որ մեր կրթօջախի շրջանավարտները մանկավարժական գործունեություն են ծավալում արտասահմանում, հանդես գալիս վարպետության դասընթացներով եւ այլն: Իհարկե, լեզվի խնդիր կա. էլ ավելի խորացնել պրոֆեսորադասախոսական կազմի անգլերենի իմացությունը, կրթական ծրագրերը կազմել այդ լեզվով, որպեսզի այն հասանելի լինի, ասենք, մեր բուհում սովորելու ցանկություն ունեցող եվրոպական երկրների դիմորդներին: Ի դեպ, լեզվի դասընթացները մեզ մոտ սկսվել են շուրջ 5 տարի առաջ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
01.03.2018