Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճեպանկարելով Երեւանը. ցուցահանդես «Նարեկացիում»

Մարտ 02,2018 12:30

Երեւանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ անցկացվող միջոցառումների մեկնարկը կարծես թե տրված է: «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում բացվեց «Երեւան» խորագիրը կրող, «Երեւան. ճեպանկարներ» գրքի նկարիչներ Արարատ Մինասյանի եւ Զաքար Դեմիրճյանի անհատական աշխատանքների ցուցահանդեսը:

Հայաստանի 14-րդ մայրաքաղաքը պատկերող լուսանկարների, բնապատկերների հսկայական գունապնակում Երեւանն այս անգամ ներկայացվեց ինքնատիպ ժանրով՝ ճեպանկարներով, հարուստ պատմությամբ, կոլորիտով, տեսարժան վայրերով, գույներով ու բույրերով, իր հայտնի ու անհայտ բնակիչներով, առօրյա կյանքով: Արարատ Մինասյանը ու Զաքար Դեմիրճյանը, երեք տարի շարունակ շրջելով Երեւանի փողոցներով եւ նկարչի աչքով ուսումնասիրելով քաղաքը, ստեղծել են անկրկնելի աշխատանքներ, որոնց հիման վրա «Զանգակ» հրատարակչությունը 2017 թվականին հրատարակել է «Երեւան. ճեպանկարներ» գիրքը: Գրքում զետեղված տեքստերի հեղինակը Քրիստ Մանարյանն է, խմբագիրը՝ Հայկ Համբարձումյանը:

Գիրքը հրաշալի նվեր է եւ զբոսաշրջիկների, եւ երեւանաբնակների համար, ովքեր առօրյա հոգսերի, վազքի մեջ չեն հասցնում մի պահ կանգ առնել եւ տեսնել՝ որքան գեղեցիկ է Երեւանը, զգալ՝ որքան տաք է, եւ որքան գեղեցիկ կարող են լինել առօրյա տեսարանները, եթե դրանց նայես արվեստագետի աչքերով: Հեղինակները երբեմն հպանցիկ տպավորություններով, երբեմն էլ խոհուն հայացքով փոխանցում են Արեւելքի ու Արեւմուտքի խաչմերուկում կանգնած քաղաքի հարուստ անցյալի ու ներկայի իրենց ընկալումները` խայտաբղետ, երբեմն՝ սեւ ու սպիտակ:

Ճեպանկարների միջոցով նկարիչները թեթեւ ուրվագծերով կամ թանձր վրձնահարվածներով ներկայացնում են ճարտարապետական հետաքրքիր լուծումներով հագեցած քաղաքամայր Երեւանը, որը ոչ այնքան շենք, շինություն, փողոց ու հրապարակ է, որքան այդ ամենի հետ կապված մի հուշ, ապրում, տպավորություն, հիշողություն. աշնանային ծառուղի, գարնան մեղմ անձրեւ, պատահական անցորդ, մեկ գավաթ սուրճ, եփած եգիպացորենի բուրմունք, ծխախոտի ծուխ, գարեջրի գավաթ… Հավաքածուն ներառում է նաեւ Երեւանի այն պատմական շենքերն ու վայրերը, որոնք վաղուց չկան. քանդվել են, ձեւափոխվել կամ աղճատվել՝ ակնառու դարձնելով այն կորուստները, որ քաղաքն ունենում է ամեն օր` քանդվող հին շենք, կտրվող ծառ, արտագաղթող երեւանցի…
Քո իսկական սիրահարները քեզ լքեցին, իմ Էրեվան,

Անտերուդուս մուրացկանները դարձան քեզ տեր ու տիրական…

 

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ»

01.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031