Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԻՎ ԼՈՒՐՋ

Մարտ 02,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ յոթերորդ

ԼՐԻՎ ԼՈՒՐՋ

Եվ Հրանտը ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «դուք էլ էիք չէ՞ մի ժամանակ խռով», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «մենք հիմի էլ ենք խռով» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ուղղակի ցույց չենք տալիս, որ խռով ենք», եւ Հրանտը ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «ումի՞ց եք թաքցնում», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «մեր չուզողներից» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չենք ուզում մեր չուզողներին ուրախացնենք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «շատ չուզողներ ունե՞ք», եւ Խորիկը Ֆրունզիկի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «համարյա ամբողջ թատերական աշխարհը», եւ Ֆրունզիկը ժպտալով ավելացրեց՝ «կինոյի աշխարհն էլ քեզ նվեր», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «Սոսն էլ ա՞ էդ չուզողների մեջ մտնում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սոսը մեզնից էլ շատ չուզողներ ունի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ երեքդ էլ տաղանդավոր եք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «լրիվ լուրջ եմ ասում», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «պարզ ա, որ լուրջ ես ասում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ հանճարեղ ասեիր, կարող ա մտածեինք՝ հանաք ես անում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի քիչ որ չափս կորցնեմ, կարող եմ երեքիդ էլ հանճար ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Ջիգարխանյանին էլ ներառյալ», եւ Ֆրունզիկը Հրանտին ասաց՝ «Ջիգարխանյանի համեմատ մենք էրեխա ենք», եւ Ջիգարխանյանը զարմացած նայեց Ֆրունզիկին ու ժպտալով ասաց՝ «վերջերս շատ ես համեստացել», եւ Ֆրունզիկը Ջիգարխանյանին ասաց՝ «ճանաչվածության իմաստով եմ ասում», եւ Ջիգարխանյանը Ֆրունզիկին ասաց՝ «տղերքը վկա են, որ Գորկու փողոցում անցորդները քեզ ավելի շատ էին ճանաչում, քան՝ ինձ», եւ Հրանտն ասաց՝ «ես վկա եմ», եւ Ֆրունզիկը Ջիգարխանյանին ասաց՝ «Հրանտը գիտի թե՝ ճանաչվածությունը լավ բան ա», եւ Ջիգարխանյանն ասաց՝ «ճանաչվածությունից ավելի վատ բան չկա», եւ Ֆրունզիկն ասաց՝ «ուզում ես ուրիշների պես ոտի վրա մի հատ պեռաշկի կամ մառոժնի ուտես, բայց չես կարում. մարդիկ աչքերը չռած քեզ են նայում» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «Հրանտի ասած՝ անցորդները», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ֆրունզիկին ասաց՝ «քո պես հանրահայտ մարդը պիտի ոչ թե պեռաշկու մասին մտածի, այլ առնվազն քյաբաբի ու խորովածի», եւ Խորիկը փռթկացնելով Հրանտին հարցրեց՝ «բա մառոժնո՞ւ հարցը ոնց պիտի լուծի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մառոժնին էլ ոչ թե փողոցում պիտի ուտի, այլ՝ ռեստորանում», եւ Խորիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես Մոսկվայի փողոցներում հեշտուհանգիստ կարամ պեռաշկի ու մառոժնի ուտեմ, բայց Երեւանի փողոցներում չեմ կարա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Խորիկին ասաց՝ «Առաջին սիրո երգից» հետո դու հեչ քու տանը չես կարա պեռաշկի ուտես», եւ Հրանտի խոսքի վրա բոլորս ծիծաղեցինք, եւ մեր ծիծաղը տարածվեց Մոսկվայի «Ուկրաինա» հյուրանոցի Հրանտ Մաթեւոսյանին հատկացված համարում:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել