Տավուշի մարզպետարանում 2014թ. հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարել է, որ գերմանական մի կազմակերպություն պատրաստակամություն է հայտնել աղբի վերամշակման համար համագործակցել Վանաձոր եւ Դիլիջան քաղաքների հետ, Վանաձորի վարչական տարածքում կստեղծվի աղբի վերամշակման ձեռնարկություն: 3 տարի անց՝ 2017թ. դեկտեմբերին գրավոր հարցում ենք ուղարկել Տավուշի մարզպետին հարցնելով՝ նախատեսվո՞ւմ է Իջեւան եւ Դիլիջան քաղաքների կենցաղային աղբը վերամշակել, այդ նպատակով գործարան կառուցվելո՞ւ է:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի կողմից ներկայացված պատասխանում նշված է.
«Ներկայումս մշակվում է ռազմավարություն կոշտ կենցաղային թափոնների կառավարման ուղղությամբ, նախատեսվում է մինչեւ 2018-2020թթ. Լոռու մարզի Ղուրսալի համայնքի տարածքում 50 հեկտարի վրա 30 մ խորությամբ կառուցել եվրոպական եւ ժամանակակից չափանիշներին համապատասխան կոշտ կենցաղային թափոնների աղբավայր (համալիր), որը ներառելու է նաեւ Դիլիջան համայնքի կենցաղային աղբի տեղափոխումը՝ կոշտ կենցաղային թափոնների վերբեռնման սկզբունքով: Առաջիկայում Իջեւան համայնքի կամ Իջեւանի տարածաշրջանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նպատակով ժամանակակից աղբավայրի կառուցում նախատեսված չէ»:
Տավուշի մարզի աղբավայրերի վերաբերյալ 2018թ. փետրվարի 21-ին գրավոր հարցում ենք ուղարկել մարզպետին, ստացվել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Գեւորգյանի պատասխանը,ուր ասվում է. «Մարզի համայնքներում շահագործվում է 36 հիմնական գործող աղբավայր,որտեղ տեղադրվում է մարզի բոլոր համայնքներում առաջացող աղբը: 26 համայնքում, «Մաքուր Հայաստան» ծրագրի գործողությունների շրջանակներում,աղբավայրերը փակվել են: Մարզի տարածքում ժամանակակից պահանջներին ամբողջությամբ համապատասխանող, շահագործվող աղբավայրեր չկան»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ