«Շատ անհաջող, անհեթեթ առաջարկ է»,- «Երկիր ծիրանի» կուսակցության՝ Երեւանի Վազգեն Սարգսյանի փողոցը անվանափոխելու առաջարկին այսպես ՀՀԿ ԳՄ նիստից հետո արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ինչպե՞ս կարելի է նման բան առաջարկել։ Վազգեն Սարգսյանը ոչ միայն մեր կուսակցության առաջնորդն է, նա Ազգային հերոս է, Արցախյան հերոսամարտի խորհրդանիշներից մեկն է, մեր անկախ հայոց պետականության եւ հաղթանակած հայոց բանակի խորհրդանիշներից է։ Նա ազգային եւ վերկուսակցական գործիչ է, եւ առնվազն աբսուրդ է վերանվանել նրա անունով փողոցը»,- շարունակեց Շարմազանովը։
Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 1-ին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելու եւ հուշարձանը տեղադրելու մասին իրավական ակտ ընդունելու նախաձեռնությամբ, ըստ որի՝ առաջարկվում է Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ