Փետրվարի 28-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված համաժողովին, որը կրում էր «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը 1988-2018 թթ.» խորագիրը։
Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԽ կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում ընդունված բանաձևերին, տարածաշրջանում ԵՄ ներկայիս քաղաքականությանը, ինչպես նաև հակամարտության հետևանքներին առնչվող մի շարք հարցերի։
Իր ելույթում Արմինե Ալեքսանյանն ընդգծել է Արցախ-ԵՄ համագործակցության անհրաժեշտությունը՝ ուղղված մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը։
Միջոցառմանը, որը նպատակ ուներ խրախուսել եվրոպական հաստատություններին ավելի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանային գործընթացներում և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, մասնակցում էին ԵԽ բազմաթիվ պատգամավորներ, ԵՄ տարբեր կառույցների աշխատակիցներ, քաղաքական վերլուծաբաններ, դիվանագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Համաժողովին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը։
Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ (EuFoA) և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի համատեղ ջանքերով՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի աջակցությամբ։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ