«Հայկական կողմը վերահաստատել է, որ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից ենք եղել ու կանք: Բայց այս իննը տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը գնաց ոչ թե հարաբերությունների կարգավորման ճանապարհով, այլ գնաց պատեր ստեղծելու ու նոր նախապայմաններ դնելու ճանապարհով: Այն ժամանակ, երբ սկսում էինք ֆուտբոլային դիվանագիտությունը, թուրքական կողմն ասում էր, որ ձգտելու են զրոյի հասցնել խնդիրները, որ ունեն հարեւանների հետ, այսօր պետք է արձանագրենք, որ նրանք զրոյի են հասցրել այն հարեւանների թիվը, ում հետ խնդիրներ չունեն»,- քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ ճանաչելու ՀՀ նախագահի որոշմանը:
Ըստ նրա՝ հայկական կողմը նպատակ է ունեցել կարգավորել առանց նախապայմանների հարաբերություններ, նպատակ է ունեցել Եվրոպական տարածաշրջանում քանդել վերջին քաղաքական պատը, բայց միաժամանակ այստեղ հստակ Սերժ Սարգսյանը նշեց՝ մենք շահած ենք դուրս եկել:
«Բացատրեմ՝ ինչու, երբ այդ արձանագրությունները ստորագրեցինք, եվրոպացի շատ գործընկերներ կարծում էին, որ հայկական կողմն է նախապայմաններ թելադրում, բայց այս տարիները ցույց տվեցին, որ հայկական կողմը բացառապես հարաբերությունների հաստատման կողմնակից է, նախապայմաններ դրել ու դնում է թուրքական կողմը, ինչը մեզ համար անթույլատրելի է:
Մնում ենք առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից, բայց չենք կարող թույլ տալ, որ որեւէ երկիր, մասնավորապես, Թուրքիան, նախապայմանների ու վերջնագրերի լեզվով խոսի Հայաստանի հետ»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ