Ոսկեպար, Կողբագետ, Քարահան, Հախում գետերի ջրերը հոսում են Ադրբեջան, ոռոգում այդ երկրի տարածքները: Հարկ է Տավուշում ոռոգման ջրամբարներ կառուցել եւ ավելացնել մարզի ոռոգելի հողերը, որոնք այժմ 6 հազար հեկտար են կազմում: 2017թ. Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարել է, որ գոյություն ունի Տավուշում փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր, ինքը ՀՀ վարչապետին Տավուշի մարզում 14 փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր է ներկայացրել:
Դրանք հնարավորություն կունենան մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, որի շնորհիվ ոռոգելի կդառնա 4 հազար հեկտար տարածք: Այդ ջրամբարների կառուցման ընդհանուր ծախսը կազմում է 8 միլիարդ 450 միլիոն դրամ:
Մարզպետը հայտարարել է, որ կառուցվելիք Հախումի եւ Կողբի ջրամբարներում նախատեսվում է կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, որ փոքր եւ միջին ջրամբարներ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծելու նպատակով մտադիր են ներգրավել նաեւ մասնավոր ներդրողներ:
Փետրվարի 21-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հարցում ենք ուղարկել. «Ե՞րբ է նախատեսվում կառուցել Կողբի եւ Հախումի ջրամբարները, դրա համար ինչքա՞ն գումար է հատկացվելու»:
Ի պատասխան ստացվել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի պատասխանը, ուր ասվում է, որ Կողբի եւ Հախումի ջրամբարների կառուցման խնդիրը գտնվում է ուսումնասիրության փուլում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Պարոն Սարգսեան,
«Հախում» անուն շատ հին է: 1970-ականներից սկսած գիւղի անունը ՎԱՐԱԳԱՒԱՆ է, իսկ յայտնի գետն էլ, որի վրայ կառուցուած է ջրամբարը, կոչւում է ՎԱՐԱԳԱՋՈՒՐ:
Ահա մի քանի յղում «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարանից» (2014թ.)՝
«… ՊԱՌԱՎԱՔԱՐ- գյուղ Տավուշի մարզում, Վարագաջուր գետի ստորին հոսանքի ձախափնյակում…,
ՎԱՐԱԳԱՎԱՆ- գյուղ Տավուշի մարզում, Վարագաջուր գետի հովտի ձախ լանջին…,
ԾԱՂԿԱՎԱՆ- գյուղ Տավուշի մարզում, Բերդի տարածաշրջանում, Վարագաջուր գետի ափին…»:
Կարծում եմ՝ աւելի ճիշտ է ասել ՊԱՌԱՒԱՔԱՐԻ ՋՐԱՄԲԱՐ: