Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը չէր կարող թողնել այս հարցն անորոշ վիճակում՝ փոխելով իր կարգավիճակը». Բորիս Նավասարդյան

Մարտ 01,2018 22:00

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունների հարցը չէր կարող թողնել անորոշ՝ փոխելով իր կարգավիճակը:

Aravot.am-ի հարցին՝ այն, որ այսօր՝ ՀՀ նախագահի ընտրությունից մեկ օր առաջ, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց չեղարկել հայ-թուրքական արձանագրությունները, կապ ունի՞ իր՝ նախագահի պաշտոնում պաշտոնավարման ավարտի հետ, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Ինքը՝ Սերժ Սարգսյանը, չի թաքցնում, որ կապ ունի: Իր նախագահության տասը տարիների ընթացքում որոշակի քայլեր կատարելով, այդ թվում նաև հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ և ավարտելով իր պաշտոնավարումը՝ որպես նախագահ, պիտի ավարտին հասցներ այդ բոլոր նախաձեռնություններն ու քայլերը: Որտեղ հաջողել է հաջողել է, որտեղ ոչ, պետք էր արձանագրել, որ ոչ: Ինքը չէր կարող թողնել այս հարցն անորոշ վիճակում՝ փոխելով կարգավիճակը»:

Անդրադառնալով այն ժամանակահատվածին, երբ ստորագրվում էին հայ-թուրքական արձանագրությունները, Բորիս Նավասարդյանն ասաց. «Արդեն կարծես թե ֆուտբոլային դիվանագիտության՝ քիչ թե շատ խոստումնալից փուլն անցել էր, և մի քանի՝ մինչ այդ հնչած հայտարարություններն արդեն մտածելու առիթ էին տալիս, որ արձանագրություններն իրականանալի չեն»:

Պարոն Նավասարդյանը հիշեց՝ մայիսից մի քանի ամիս առաջ թուրքական կողմը հարաբերությունների կարգավորումը կապում էր ղարաբաղյան խնդրի հետ և այդ կարգի մոտեցումն ու երկու տարբեր հարցերը նույն համատեքստում դիտարկելն անընդունելի էր հայկական կողմի համար.

«Դժվար էր պատկերացնել, որ նախորդող հայտարարություններից Թուրքիան հետ կկանգնի: Մենք տեսնում էինք՝ ինչպիսի լարվածություն կար ստորագրման օրը, փաստորեն հնարավոր էր մասնակցելով այդ արարողությանը՝ կողմերը համաձայնության չգային, և միայն միջնորդների միջնորդությամբ տեղի ունեցան այդ բոլոր հանգուցալուծումները: Դա ցույց էր տալիս, որ արձանագրությունները հեռանկարային չեն, և պետք էր փաստացի ապացույցներ ունենալ հայկական կողմի համար և երկար տարիներ հետո չեղարկել այն, ինչ չեղարկված էր հենց ստորագրման պահին»:

Պարոն Նավասարդյանին հիշեցրինք՝ հայ-թուրքական հարաբերություններում հաշտեցման կողմնակից է եղել, այժմ, երբ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացն էլ հաջողություն չունեցավ, արդյոք խոսել հաշտեցման մասին անիրատեսական չէ՞, պարոն Նավասարդյանն արձագանքեց. «Հաշտեցման մասին միշտ էլ արժե մտածել, ուղղակի պետք չէ դրա հետ գոնե տեսանելի ապագայում ակնկալել կոնկրետ զարգացումներ և արտաքին քաղաքականությունը կառուցել՝ այլ հնարավորություններ հաշվի առնելով: Այս պահին որևէ կոնկրետ խոստում, որ կարող է մոտակայում ինչ-որ բան փոխվել, չկա: Ուրեմն արտաքին քաղաքականությունը պետք է կառուցել այսօրվա իրողություններով, իսկ դրանք այնպիսին են, որ հաշտեցումը հետաձգվել է անորոշ ժամանակով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031