«Կենտրոն » հեռուստաընկերությունում ֆինանսական խնդիրների պատճառով մոտ 10 հաղորդում առաջիկայում կփակվի:
Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Կենտրոն» հեռուստաընկերության արդեն նախկին հաղորդավար Արմեն Դուլյանը:
«Այսօր զանգահարեցին ինձ, կանչեցին ու ասացին, որ իմ հաղորդումն այլեւս չի լինելու եթերում, բայց ոչ միայն իմ հաղորդումը, այլեւ եւս 10 ծրագիր փակվում է ֆինանսական խնդիրների պատճառներով: Բոլորովին չեմ կարծում, որ դրա տակ քաղաքական բան կա, որովհետեւ եթե լիներ, շուտվանից կփակեին իմ հաղորդումը: Կարծում եմ՝ հեռուստատեսությունը նորացնելու, աշնանից նոր ձեւով հեռուստադիտողին ներկայանալու ցանկություն կա»,- ասաց Արմեն Դուլյանը:
Հիշեցնենք, որ հեռուստաընկերությունն արդեն մի քանի օր է, որ նոր տնօրեն ունի՝ Սերգեյ Ադումյանը:
Հիշեցնենք նաեւ, որ Արմեն Դուլյանը վարում էր «Անցում Դուլյանի հետ» ծրագիրը:
Փորձեցինք տեղեկությունը ճշտել նաեւ հեռուստաընկերության տնօրենից, սակայն վերջինս խնդրեց՝ մի փոքր ուշ զանգահարել ու այլեւս չպատասխանեց զանգերին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ