Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի է անձնական խնդիրները բերել մարզական դաշտ եւ խաղալ երկրի հեղինակության հետ

Մարտ 01,2018 21:15

Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի մոտ անցկացվեցին լսումներ Փհենչհանի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների մասնակցության թեմայով: Ներկա էին նախարարության, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներ, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ղեկավարները, մարզիչներ ու  մարզիկներ:

Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ձմեռային մարզաձեւերում Հայաստանը դեռ չլուծված բազմաթիվ խնդիրներ ունի, սակայն դրանք քայլ առ քայլ լուծելով առաջ ենք ընթանում: Նախարարը նաեւ անդրադարձավ օլիմպիական խաղերում Փհենչհանից ստացվող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի հետ կապված աղմկահարույց լուրերին, ինչը նույնպես լսումների առանցքային թեմաներից էր:

Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը օլիմպիական խաղերին մասնակցությունը գնահատեց բավարար: «Մենք մասնակցեցինք երեք երիտասարդ մարզիկներով եւ երկու սպիտակ քարտով, ինչը վկայում է, որ մենք դեռ հեռու ենք աշխարհի լավագույններից», – ասաց նա:

Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ վերջին տարիներին կատարած աշխատանքների շնորհիվ Հայաստանի դահուկային սպորտը դուրս է եկել միջազգային ասպարեզ եւ վերջին օլիմպիական խաղերին մեր մարզիկները մասնակցել են վարկանիշ ունենալով, իսկ վարկանիշային միավորներն առանց համապատասխան մարզագույքի հնարավոր չէ ձեռք բերել: Նաեւ ասաց, որ այսուհետեւ ֆեդերացիան հրաժարվելու է սպիտակ քարտերից եւ օլիմպիական խաղերին կմասնակցի միայն վարկանիշային միավորներ ունենալու դեպքում:

Մարզիկ Աշոտ Կարապետյանը ասաց, որ իր ամբողջ կյանքի նպատակը օլիմպիական խաղերին մասնակցելն է եղել: Նա շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որի շնորհիվ Փհենչհանում լուծվեց դահուկների հետ կապված խնդիրը եւ ինքը կարողացավ հանդես գալ: Հետո մարզիկը տարբեր մեղադրանքներ հնչեցրեց ֆեդերացիայի հասցեին, որոնք ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը մեկ առ մեկ հերքեց:

Լսումները պարզորոշ ցույց տվեցին, որ մեղադրանքներն ավելի շատ անձնական դրդապատճառներ ունեն, քան մարզական կամ կազմակերպական:

ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն իր խոսքում նշեց, որ լուրջ խնդիր, ըստ էության, չի եղել եւ ստեղծված իրավիճակն արդյունք է այն բանի, որ ֆեդերացիան օլիմպիական խաղերի նախապատրաստության ընթացքում եւ Փհենչհան մեկնելիս մարզիչներին եւ մարզիկներին հստակ չի տեղեկացրել այն քայլերի մասին, որ արվել են օլիմպիական խաղերում հաջող հանդես գալու համար:

Հրաչյա Ռոստոմյանն ամփոփիչ խոսքում նշեց, որ խոշոր մրցումների ժամանակ պատահում է, որ երկրների պատվիրակությունները չնախատեսված ինչ-ինչ խնդիրների առջեւ են հայտնվում եւ ընթացիկ լուծումներ գտնում են: Դա եզակի երեւույթ չէ: «Սակայն անընդունելի է անձնական կենցաղային խնդիրները բերել մարզական դաշտ եւ խաղալ երկրի հեղինակության հետ», – ասաց նա :

Նախարարը ստեղծված անառողջ մթնոլորտը վերացնելու նպատակով ֆեդերացիայի ղեկավարությանն առաջարկեց լուծարել հավաքականը, մարզիչների եւ մարզիկների նոր ընտրություն կատարել եւ աշխատել ավելի թափանցիկ, ավելի ուշադիր ու հոգատար լինել մարզիկների եւ մարզիչների հանդեպ, ամիսը մեկ անգամ հրավիրել ֆեդերացիայի նիստ բոլոր մարզիչների մասնակցությամբ եւ անելիքները քննարկել միասին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031