Մարտի 1-ից Հայաստանում բազմաթիվ դեղամիջոցներ կվաճառվեն միայն դեղատոմսով, ուստի մարդիկ փորձում են դեղեր պահեստավորել: Deutsche Welle-ն փորձել է պարզել նման որոշման պատճառներն ու հետևանքները:
Հայաստանի առողջապահության նախարարության սահմանած նոր կանոնով՝ գարնան առաջին օրվանից հակավիրուսային դեղամիջոցները, այդ թվում հակաբիոտիկները, ինչպես նաև հորմոնալ և կոդեին պարունակող դեղամիջոցները դեղատներում կվաճառվեն միայն բժշկի դեղատոմսով: Երկրում գրանցված 4700 դեղամիջոցներից 2700-ը կվաճառվի դեղատոմսով: Սահմանափակումն ուժի մեջ կմտնի աստիճանաբար. հուլիսի մեկից դեղատոմսով կվաճառվեն ներարկային և օնկոլոգիական դեղամիջոցները, իսկ հոկտեմբերի 1-ից՝ մյուս բոլորը:
Մարդկանց նկատմամբ հոգատարությու՞ն
Ձմռան վերջին օրերին Հայաստանի մայրաքաղաքի դեղատները չեն հասցնում սպասարկել հաճախորդներին: Դեղագործների խոսքով՝ ցերեկվա ժամերի հասույթը գրեթե կրկնակի ավելացել է: Մարդիկ փորձում են լրացուցիչ ձեռք բերել իրենց համար սովորական դարձած դեղամիջոցները: Նրանք չեն հասկանում՝ ինչ անել, եթե բարձրանա ճնշումը կամ ջերմությունը, գիշերը գլխացավ կամ ատամնացավ սկսվի: Առավել բարդ է նրանց վիճակը, ովքեր ապրում են գյուղական տարածքներում, որտեղ ամենամոտ բուժկենտրոնը լավագույն դեպքում հարևան գյուղում է:
Առողջապահության նախարարությունը բացատրում է, որ նոր կանոնները պայմանավորված են բացառապես մարդկանց առողջության մասին հոգ տանելու նկատառումներով: Ըստ գերատեսչության՝ հանրապետության բնակիչները մեծ մասը զբաղվում է ինքնաբուժությամբ, իրենք իրենց դեղեր են նշանակում, այն դեպքում, երբ դեղամիջոցները, դրանց չափաբաժինները և ընդունման ձևը պետք է որոշեն մասնագետները:
Իհարկե, պաշտոնյաները հասկանում են, որ պարտադիր կերպով բժշկի դիմելը չի կարող չհանգեցնել գրանցված խրոնիկ հիվանդների թվի կտրուկ աճին, բայց այն հնարավորություն կտա նշանակել ճիշտ բուժում, կարծում են Առողջապահության նախարարությունում: Այնտեղ վստահ են, որ նման իրավիճակը ձեռնտու է ոչ միայն հիվանդաներին, այլև հենց դեղատներին, քանի որ դեղագետի վրայից հանվում է պատասխանատվությունը վաճառված դեղամիջոցի համար:
Հայերը ցանկանում են իրենք որոշել՝ երբ դիմել բժշկի
Մյուս կողմից, Սպառողների խորհրդատվական կենտրոնի ղեկավար Կարեն Չիլինգարյանի կարծիքով՝ մարդիկ, որպես կանոն, այնքան էլ չեն վստահում Հայաստանի բուժսպասարկման համակարգին և վստահ են, որ նորամուծությունը նպատակ ունի աշխատանքով ապահովել պոլիկլինիկաներին և այլ բուժական հաստատություններին և նրանց համար ապահովել գումարային հոսքեր: «Նրանք չեն հավատում, որ պոլիկլինիկաներն ու շտապ օգնության ծառայությունը կկարողանան դիմակայել հաճախորդների թվի աճին»,- ասում է Չիլինգարյանը:
Բնակչության անհանգստության պատճառը, ըստ փորձագետի, նաև այն է, որ բժիշկները դեղամիջոցներ դուրս կգրեն հենց այն ընկերություններից, որոնց հետ կապեր ունեն, իսկ դեղատներում դեղամիջոցները կարող են վաճառվել նաև ընդհատակում, այսինքն` չի կարելի բացառել նաև կոռուպցիոն ռիսկերը:
Իր տագնապներով DW-ի հետ կիսվել է թոշակառու Վարսենիկ Կարապետյանը. «Եթե դու եկել ես պոլիկլինիկա տկարության ինչ-որ բողոքով, քեզ անմիջապես անհրաժեշտ դեղատոմս դուրս չեն գրի: Պետք է հերթ կանգնել, անցնել կաբինետներով, անալիզներ հանձնել, անցնել ամեն տեսակի հետազոտություններ, և այդ ամենի համար վճարել ոչ փոքր գումար: Իսկ նախկինում ինքներս էինք գլուխ հանում. գլուխդ է ցավում՝ դեղահաբ կա, ճնշումդ է բարձրացրել՝ կաթիլներ»:
Առողջապահության նախարարության նորամուծությունը հարցեր է առաջացնում
Նորամուծությունը դժվար կացության մեջ է դրել բազմաթիվ գործող բժիշկների: Այսպես, սրտաբանները, ում հետ խոսել է DW-ի թղթակիցը, համոզված են, որ բժիշկներն էլ ստիպված կլինեն վերանայել իրենց աշխատանքի սխեման: «Եթե, օրինակ, նախկինում մենք նշանակում էինք իրենց լավ դրսևորած դեղամիջոցներ, ապա այժմ պետք է գործ ունենանք նոր դեղամիջոցների հետ, իսկ դրանք կարող են չտալ ակնկալվող դրական հետևանքը»: Պատասխանատվությունը կկիսեն ոչ միայն սրտաբաններն ու թերապևտները, այլև դեղատները:
Միայն դեղատոմսով վաճառվող դեղամիջոցների թվում անսպասելիորեն հայտնվել են այնպիսի լայնորեն տարածված դեղեր, ինչպիսիք են իբուպրոֆենը և նո-շպան, կապտոպրիլը և նոլիպրել-ֆորտեն: Այդ կապակցությամբ «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հասկանալի չէ՝ ինչ տրամաբանությամբ են առաջնորդվել դեղամիջոցների ցուցակը կազմելիս, երբ օրինակ, բելառուսական արտադրության «աեվիտ» դեղը (վիտամին A և B) հայտնվել է դեղատոմսով վաճառվողների ցանկում, իսկ ռուսական «աեվիտը»՝ առանց դեղատոմսի»: Հասկանալի չէ՝ ինչու է նույն խմբի դեղամիջոցների մի մասը դուրս գրվում դեղատոմսով, իսկ մյուսը՝ ոչ: Եվ նման օրինակները բազմաթիվ են:
Գործը հասել է նրան, որ խորհրդարանում առաջարկվել է հատուկ լսումներ անցկացնել դեղամիջոցների վաճառքի հարցով: Մինչդեռ հասարակության շրջանում իրարանցումը չի դադարում: Մարդիկ գրոհում են դեղատները և հույսեր փայփայում, որ վերջին պահին Առողջապահության նախարարությունը հետ կկանչի այդպիսի հանրային արձագանք առաջացրած որոշումը, եզրափակում է DW-ն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ