«Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել Մարտի մեկին, որի մասին շատերը չգիտեն: WikiLeaks կայքը հրապարակել էր մի փաստաթուղթ, որը հեղինակել էր այդ ժամանակ ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը՝ կարեւոր տեղեկություն տալով Մարտի մեկի իրադարձությունների մասին: Մենք հավաքվել էինք կեղծված ընտրություններից հետո: Մեր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը տարել էր հաղթանակ, որը գողացվեց իշխանությունների կողմից: Մենք տասը օր ցույցեր էինք անում: Եթե ժողովուրդը մնար Ազատության հրապարակում եւ Սահմանադրական դատարանին զերծ պահեր իշխանությունների ճնշումներից, ՍԴ-ն մարտի ութին վճիռ էր հրապարակելու, որով, ըստ էության, ժողովրդին կվերադարձվեր իր քվեն (Լեւոն Տեր-Պետրոսյանը հայց էր ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով նախագահական ընտրությունների արդյունքները):
Այս մասին գրված է հավատարմատարի զեկույցում»,-Մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ այսօր կազմակերպված բողոքի երթի ժամանակ այսօր հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
Նա շարունակեց մեջբերել զեկույցից հետեւյալը. «Հավատարմատարը գրում է, որ մարտի վեցին իրեն գաղտնի այցելել է ՍԴ անդամներից մեկը՝ Վալերի Պողոսյանը եւ հայտնել, որ ՍԴ-ն մինչեւ մարտի մեկի իրադարձությունները մեծամասամբ հակված էր շրջել այն արդյունքները, որոնք արձանագրվել էին ԿԸՀ-ի կողմից:
Այսինքն, իննը դատավորից յոթը պատրաստ էին քվեարկել հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Բայց տեղի ունեցավ այն, որ ՍԴ-ն Մարտի մեկի դեպքերից հետո հայտնվեց ծանրագույն ճնշումների ներքո, այդ թվում՝ Վալերի Պողոսյանը եւ այլ դատավորներ:
Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանն անձամբ զանգել է այդ դատավորներին եւ սպառնալիքներով ստիպել փոխել իրենց դիրքորոշումը: Այդ ճնշումների հետեւանքով, ինչպես հավատարմատարն է գրել, մարտի ութին ՍԴ-ն կայացնելու էր վճիռ, որը թելադրված էր Ռոբերտ Քոչարյանի կողմից»:
Այս ամենը, Լեւոն Զուրաբյանի խոսքով, փաստում է այն մասին, որ այդ ժամանակ իշխանությունները հասկացել էին՝ քաղաքական պայքարում պարտվել են, այդ պատճառով էլ անցան խաղաղ ցուցարարներին գնդակահարելուն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ