Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն ընդդեմ բռնաճնշումների

Մարտ 01,2018 19:30

Այսօր՝ 2018 թվականի մարտի 1-ին, բռնաճնշումների խորհրդանիշ ԿԳԲ-ի շենքի դիմաց, որտեղ շուրջ հինգ տասնյակ ոստիկաններ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ կենդանի պատ էին կազմել, «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները՝ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, անցկացրեցին բողոքի ակցիա ընդդեմ բռնաճնշումների:

Զարուհի Փոստանջյանն իր ելույթում նշեց, որ այսօր մեր կյանքում միաժամանակ՝ գարնան առաջին օրն է և բռնաճնշումների ահազանգի օրն է՝ 10 տարի առաջ այս օրը՝ Մարտի 1-ին,  տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, որոնք մինչ օրս բացահայտված չեն:

Կուսակցության նախագահն ասաց, որ այսօր ԱԱԾ-ում են պահվում քաղաքական հայացքների համար ազատազրկված մեր հայրենակիցները, այդ թվում նաև՝ ազգային հերոս Սամվել Բաբայանը, և որ ունենք շուրջ 4 տասնյակ քաղբանտարկյալներ, ունենք Երևանի փողոցներում գնդակահարված 10 զոհեր: Մեղավորները բացահայտ են՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին առաջին հերթին պետք է կանչել պատասխանատվության՝ նրանք էին այդ հրամանը տվողները, որոնց կատարողներից էին նաև ԱԱԾ-ականները: Այդ զույգը 10 տարի շարունակելով մնալ անպատիժ՝ այնպես արեց, որ Հայաստանից գաղթեցին հարյուր հազարավոր քաղաքացիներ, այդ զույգի հովանավորը և հայրը Լևոն Տեր Պետրոսյանն է, նրա օրոք են սկսվել այս բռնաճնշումները:

«Երկիր Ծիրանի»-ի նախագահը նշեց, որ պետք է մարտ-ապրիլ ամիսներին լինել փողոցներում ու հրապարակներում, և որ այլ կերպ հնարավոր չէ փոխել քաղաքական իրավիճակը: Մենք ունենք երկու թիրախ. մեկը՝ Սերժ Սարգսյանն է, մյուսը՝ ավտորիտար համակարգը, իսկ եթե մենք միասնաբար ցույց ենք տալիս մեր բռունցքը, ապա կանգնեցնում ենք ավտորիտար ռեժիմի գործողությունները: Զարուհի Փոստանջյանը նաև կոչ արեց, որ յուրաքանչյուրն իր տեղում դառնա առաջնորդ, քանի որ այլ կերպ՝ մենք ամեն օր արյունահոսելու ենք, ամեն օր լսելու ենք սահմանում զինվորի մահվան մասին, ամեն օր տեսնելու ենք, թե ինչպես է մաս-մաս վաճառքի հանվում մեր երկիրն ու ունեցվածքը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները այնուհետև  երթով շարժվեցին դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Երթի ընթացքում կանգ առան և բողոքի իրենց ձայնը բարձրացրեցին նաև Գլխավոր դատախազության առջև: Զարուհի Փոստանջյանն իր խոսքում հիշեցրեց, որ 10 տարի առաջ ևս դատախազության շենքի առջև բողոքներ են իրականացրել, երբ հազարից ավելի մարդ ապօրինի ձերբակալվել և կալանավորվել էր, բանտերը լեփ լեցուն էին թե՛ ազատամարտիկներով և թե՛ սովորական քաղաքացիներով:

Կուսակցության նախագահը նաև նշեց, որ դատախազությունը քաղաքացիների հանդեպ ռեպրեսիաներ կիրառող մեխանիզմի ամենակարևոր և բաղկացուցիչ մասն է՝ հավելելով, որ նրանք, սակայն, վախկոտ են, և մեր հանրությունը չպետք է նրանցից վախենա. մենք պետք է պայքարենք և մեր միջից հանենք ստրուկը, հանենք վախը, և հաղթահարենք ամեն ինչ:

Ոստիկանները ապօրինաբար փակեցին երթի ճանապարհը դեպի ՀՀ արդարադատության նախարարություն, որից հետո  «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը հայտարարեց, որ այս Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կոյուղաջրերը, երբ մի փոքր բացեցին դահլիճում, այդ գարշահոտից «Ավագանի» կոչվող քրեաօլիգարխիկ այդ մի համակարգը միանգամից պայթեց, ապա հարցրեց կենդանի պատ կազմած ոստիկաններին, թե՝ կոյուղաջրե՞րն են պաշտպանում, մեր երկրի կե՞ղտն են պաշտպանում, որն այսօր այնքան է կուտակվել, որ խողովակները պայթել են:

Շարունակելով երթը՝ «Երկիր Ծիրանի»-ի անդամները հասան Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածք, որտեղ Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ ելույթով՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են պատասխանատու Մարտի 1-ի համար, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ունի այնքան պատասխանատվության բաժին, որ հրաժարվեց Մարտի 1-ին իրավունքի համար պայքարի դուրս եկած ժողովրդից, որի մասին ասել էր, որ պետք է առաջնորդի, և որ այդ զոհը ինքն է լինելու, այլ ոչ թե՝ 10 հոգին…

Կուսակցության անդամները երթով շարժվեցին դեպի Լեոյի փողոց, որտեղ ևս ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին Մարտի 1-ի սպանվածների հիշատակին:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031