Ազատության հրապարակում քիչ առաջ սկսվել է «Հայ ազգային կոնգրես»-ի եւ ՀԺԿ-ի կազմակերպած՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ հավաքը: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այսօր այցելել են նաեւ Մարտի 1-ի տասը զոհերի շիրիմներին, եկեղեցիներից մեկում կազմակերպել հոգեհանգստի կարգ:
«Տասը տարի է անցել այն օրից, երբ ՀՀ իշխանությունները գնդակահարեցին սեփական ժողովրդին եւ մեր երկիրը, ինչպես հոկտեմբերի 27-ին, ընկավ հետամնաց երկրների շարքը: ՀՀ-ն այլեւս ժողովրդավար չէր, այդ օրն այստեղ գնդակահարվեց ժողովուրդը եւ այն շարժումը, որը ստեղծվել էր այս հրապարակում՝ երեսուն տարի առաջ»,-հիշատակեց Արամ Մանուկյանը:
Նրա բնորոշմամբ՝ վերջին տասը տարում տարբեր դատախազներ ու նախարարներ խոստումներ տվեցին, թե մարդասպանները կհայտնաբերվեն ու կպատժվեն, սակայն այդպես էլ ոչինչ չբացահայտվեց:
«Իրենք իրենց չեն դատի, իրենց մարդասպաններին չեն դատի»,-համոզմունք հայտնեց Արամ Մանուկյանը: Հավելենք, որ հավաքի մասնակիցները նաեւ բողոքի երթ են իրականացնելու:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ