Այսօր կառավարությունը համաձայնեց «Նաիրիտ-2» ընկերությանը պատկանող Երեւանի Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող շենք-շինությունները եւ 10.3 հեկտար հողատարածքը «ուղիղ վաճառքի ձեւով» օտարել «Ա-Ս Ինվեսթմենթս» ընկերությանը: «Նաիրիտ-2»-ի գույքի դիմաց այդ ընկերությունը կվճարի 626․9 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ արդեն քանի տարի է «Նաիրիտ-2»-ը հայ-չինական համատեղ կաուչուկի արտադրություն է ծավալում` 40 տոկոս հայկական եւ 60 տոկոս չինական բաժնեմասով:
Aravot.am-ն այսօր «Նաիրիտ 2» ընկերության տնօրեն Գագիկ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու հայկական բաժնեմասի հետ, արդյո՞ք արտադրությունը դադարեցվելու է: Հարցրինք նաեւ ինչո՞ւ է գույքն ու հողատարածքն այդքան ցածր գնահատվել, այն դեպքում, երբ «Որոտան» ՀԷԿ-ին վաճառելիս «Նաիրիտ 2»-ի գույքի ամբողջական արժեքը գնահատված է եղել 7 մլրդ 320 մլն դրամ։
Գագիկ Հակոբյանի խոսքով, ընկերությունը ներկայումս էլ շարունակում է լինել հայ-չինական ձեռնարկություն եւ գույքի օտարման հետ կապ չունի: Թե ինչու է այդքան ցածր գնահատվել, պարոն Հակոբյանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել եւ որ որոշողը պետգույքի կառավարման վարչությունն է եղել. «Ես գնահատող չեմ, որ ինձ եք հարցնում` ցածր է, բարձր է: Խոսքը վերաբերում է հանրապետության ղեկավարության բազմաթիվ հայտարարություններին, այն է, որ չաշխատող տարածքները, որոնք չեն օգտագործվում, պետք է պետգույքի միջոցով օտարվեն»:
Մեր այն հարցին էլ, թե «Նաիրիտ 2»-ի գույքը գնել է ընդամենը 1 շաբաթ առաջ պետական գրանցում ստացած ընկերությունը` «Ա-Ս Ինվեսթմենթս»-ը, դուք ծանո՞թ եք այդ ընկերության գործունեությանը. Գագիկ Հակոբյանը պատասխանեց, որ «Ա-Ս Ինվեսթմենթս»-ի մասին որեւէ տեղեկատվության չի տիրապետում եւ որ նրա մասին լսել է լրատվամիջոցներից:
Նշենք, որ որպես ընկերության սեփականատեր հանդիսանում է ՀՀ քաղաքացի Գեւորգ Արմենի Հակոբյանը։
«Նաիրիտ 2» ընկերության գույքի գնորդը պարտավորվել է 7,5 միլիարդ դրամ ներդրում կատարել` տարածքում հիմնելով մեխանիկական արտադրամաս` մետաղական եւ փայտաշեն կոնստրուկցիաների պատրաստման նպատակով, ժամանակակից բետոնի գործարան, շինանյութերի արտադրության եւ վերամշակման լրակազմ կենտրոն, շինարարական նյութերի եւ կիսապատրաստուքների կենտրոնացված պահեստ, եւ որ ամենաուշագրավն է այդ ամենի հարեւանությամբ` բարձրորակ եւ միաժամանակ մատչելի հյուրանոցային համալիր: Ներդրողի հաշվարկներով կբացվի 250 նոր աշխատատեղ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ