ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Սևան քաղաքում ներկա է գտնվել «Եվրամիությունը Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» երկամյա ծրագրի մեկնարկին:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցիչ դեսպան Պ. Սվիտալսկին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը, ծրագրի տնօրեն Արտյոմ Գրիգորյանը, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բիզնեսի զարգացման երկամյա ծրագիրը կիրականացվի Եվրամիության աջակցությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 538 000 եվրո , որից 480 000 եվրոն կտրամադրի Եվրամիությունը:
Իրականացնող կառույցներ են հանդիսանում Սևանի համայնքապետարանը և Գեղարքունիքի Առևտրաարդյունաբերական պալատը:
Նախարար Դավիթ Լոքյանն իր խոսքում կարևորելով նման հարթակի ստեղծումը` նշել է, որ այս ծրագրի գերնպատակն է նպաստել Սևան քաղաքի և հարակից գյուղական համայնքների կայուն տնտեսական աճին։
Ծրագիրը նպատակ ունի բիզնես համայնքին տրամադրել ֆիզիկական ենթակառուցվածքներ, ուժեղացնել համագործակցությունը և կապերը, ինչպես նաև գործարար շրջանակներին և աշխատանք փնտրողներին տրամադրել խորհրդատվական և տեխնիկական աջակցություն:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն