ՀՀ սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնի թեկնածու Հրայր Թովմասյանին այսօր ԱԺ նիստում հարցեր ուղղեց «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք Մարտի մեկի խայտառակ դատավարությունների արդյունքում, ինչպես դուք եք ժամանակին նշել ձեր հարցազրույցում, հայտնվեցին բանտում:
Նրանք ի՞նչ են կոչվում՝ քաղբանտարկյա՞լ»,-հարցրեց Փաշինյանը: Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ես ոչ թե կոնկրետ դատավարության մասին եմ խոսել, այլ ասել եմ, որ նման դատավարության առկայությունն արդեն իսկ խնդիր է տվյալ երկրի համար: Մեղավորներին պատժելը կարեւոր է ինչպես տուժողների, այնպես էլ իշխանությունների համար»:
Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, Հրայր Թովմասյանի խոսքով՝ միջազգային չափորոշիչները տարբեր են:
Ապա` Փաշինյանը հետաքրքրվեց. «Ճի՞շտ եմ հիշում, որ դուք ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր-անդամներից եք: Հիմնադիր համաժողովի լուսանկարում դուք էլ կաք: Եթե այդպես է, ինչո՞ւ այդ մասին նշում չկա ձեր կենսագրության մեջ»:
Թովմասյանն արձագանքեց. «Հիմնադիր-անդամ չեմ եղել: Իմ կենսագրության շատ դեպքեր կան, որոնք արտացոլված չեն, օրինակ՝ մանկապարտեզ գնալը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ