Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանրաբեռնված է տարբեր բանկերի՝ բնակիչների դեմ ներկայացրած քաղաքացիական հայցերի քննությամբ։ Հայցի բովանդակությունը մեկն է՝ «գումարի բռնագանձման պահանջի մասին», որը և վկայությունն է այն փաստի, որ մարդիկ համատարած պարտք-տալիքի մեջ են, «տոկոսների տակ», չեն կարողանում վճարել բանկերից վերցված վարկերը, այդ պատճառով էլ հայտնվում են դատարանում։
«Դատալեքս» կայքի քաղաքացիական գործերի դատական նիստերի ժամանակացույցից տեղեկանում ենք, որ միայն այսօր նշանակված 40 դատական նիստերից 21-ը բանկերին պարտք լինելու թեմայով է։ Ամենաշատ հայցերը ներկայացրել են «ՎՏԲ Հայաստան Բանկ» ու «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ները, համեմատաբար քիչ են «Արդշինբանկ», «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ների ու «Յունիբանկ» ԲԲԸ-ի հայցերը։
Նկատենք, որ ամենաքիչն ամուսնալուծությունների պահանջն է, օրինակ՝ այսօր լսվել է ընդամենը 2 հայց։ Մնացածը բոլոր դատական նիստերը բացառապես պարտքերի վերադարձման պահանջով են․ հայցվոր են դարձել նաև ապահովագրական ընկերությունները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Շիրակի մասնաճյուղը, «Յուքոմը», «Արմենթելը», «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ- ն ու ՀՀ ոստիկանությունը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ