«Ելքը» մտադիր է «Շքեղության հարկի» նախագիծ դնել շրջանառության մեջ: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Հիշեցնենք, որ ժամանակին «Շքեղության հարկ» էր առաջարկում կիրառել Վիկտոր Դալլաքյանը: Հետո այդ հարկատեսակը միայն ավտոմեքենաների մասով սկսեց կիրառվել: Հիմա «Ելքն» առաջարկում է անշարժ գույքի կադաստրային արժեքը վերանայել եւ շքեղ առանձնատները հարկել ավելի շատ:
Նույն առաջարկը տարիներ առաջ անում էր նաեւ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա ասում էր, որ 300-500 քմ-ից պետք է տասնապատկել գույքահարկը, որ բյուջեի 5%-ը տա, բայց չեն անում:
Մանե Թանդիլյանի խոսքով՝ «Այսօրվա տների կադաստրային արժեքը, որով հարկվում է գույքահարկ, իրականում շատ ցածր է եւ իրական արժեքից վաղուց կտրված եւ դա նախկին ժամանակվա հաշվարկ է: Մենք առաջարկում ենք, որ իրական հաշվառում կատարվի՝ շուկայականին համապատասխան, կատարվի նորից գույքագրում: Բազմաթիվ տներ ու առանձնատներ կան, որոնք անգամ դրա մեջ չեն մտնում: Անհրաժեշտ է վերանայել, հաշվարկներ կատարել առանձնատների կադաստրային արժեքը եւ կունենանք իրատեսական պատկեր, այսինքն, մարդիկ, որոնք կունենան շքեղ առանձնատներ, համապատասխան գույքահարկ կվճարեն: Սա հարկման աղբյուր է: Որեւէ թանկացում դրա արդյունքում տեղի չի ունենում, իրականում տեղի է ունենում արդար հարկում: Նրանք, ովքեր շքեղագույն ձեւի են ապրում, պետք է համապատասխան հարկեր վճարեն»:
Հարցին՝ մյուս խմբակցությունները, օրինակ, «Ծառուկյան» դաշինքը կմիանա՞ «Շքեղության հարկի» նախաձեռնությանը՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Այդ օրենքը իրականում հենց արտացոլելու է, լինելու է չվճարած հարկերի բացահայտում: Թող որոշ տոկոս կա, որ այդպես չէ, բայց ակնհայտ է, որ աղքատ երկրում նման շքեղություն վայելող անձինք, անհատներ, աչք ծակող մեքենաներ…ակնհայտ է, թե դա ինչ ճանապարհով է գոյանում: Կարծում եմ, լրիվ արդարացված է նման հարկերի ներդրումը Հայաստանում: Պետք է գնալով հավասարեցնել եւ նորից արդարության սկզբունքով վերաբաշխել այն քիչ տոկոսը, ովքեր շատ հարուստ են եւ այն տոկոսը, ովքեր շատ աղքատ են, եկամուտների վերաբաշխում տեղի ունենա: Սա է ճիշտ ճանապարհը: Մենք նախագծի վրա աշխատում ենք եւ եթե մեր գործընկերներն էլ միանան, շատ ուրախ կլինենք, ավելի ուժեղ եւ ամուր կլինի մեր նախագիծը»:
Հարցին՝ իշխանությունների հակափաստարկն այն է, որ իրենք հայտարարագրման այնպիսի մեխանիզմներ են դնում, որ կբացահայտվի ունեցվածքը՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Երբ որ իշխանությունները խոսում են ապագայով, ես այլեւս դադարում եմ լսել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ